Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը։ Սուրբ Ծնունդը նաև կոչվում է Աստվածհայտնություն, այսինքն՝ Քրիստոսի ծնունդով Աստված հայտնվեց աշխարհին:
Ըստ եկեղեցու սրբազան ավանդության՝ Քրիստոս 30 տարի հետո իր ծննդյան օրը մկրտվեց Հորդանան գետում: Եվ ուրեմն՝ հունվարի 6-ը նաև Քրիստոսի մկրտության օրն է:
Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը:
Հայ եկեղեցում Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը օրացուցային տարվա առաջին տոնն է։
Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: