Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը Երևանում տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ կազմակերպած
«Կոնսոլիդացված վերահսկողություն և ռիսկերի ինտեգրում» թեմայով տարածաշրջանային սեմինարը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Լիտվայի, Չեխիայի, Լիբանանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի վերահսկողության ոլորտի շուրջ 30 մասնագետներ: Այս մասին ասվում է ՀՀ ԿԲ տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Սեմինարի ընթացքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության վարչության աշխատակիցներ Ռոբերտ Ուոքերը, Ստիվ Սանդերֆորդը ևԱնիտա Ֆիմսթերը ներկայացրել են կորպորատիվ կառավարման և ռիսկերի վերահսկման գործառույթներին, ռիսկերի զատորոշման և դրանց մասին տեղեկացման մեխանիզմներին, կազմակերպություններում ռիսկերի գնահատման համակարգի կառուցմանը, կոնսոլիդացված կերպով կազմակերպության գնահատմանը վերաբերող հարցեր:
ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության և կարգավորման ավագ վերահսկող-ֆինանսական վերլուծաբան Ռոբերտ Ուոքերն իր խոսքումնշել է, որ համաշխարհային ֆինանսական շուկաներում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները հրամայական են դարձնում կազմակերպություններում ռիսկերի գնահատման և վերահսկման հնարավորինս ընդգրկուն մեխանիզմների ստեղծումը: Այս առումով կարևորվում է ֆինանսական ոլորտի տարբեր հատվածներում ռիսկերի առաջացման ու կանխարգելման գործիքների մշակումը և գործարկումը:
ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը նշել է, որ ֆինանսական կայունության տեսանկյունից կարևոր էֆինանսական համակարգի ռիսկերի գնահատումը: Այդ առումով նման սեմինարի անցկացումը Հայաստանում զգալի ներուժ է ստեղծում ապագա ֆինանսական ճգնաժամերին դիմակայելու համար:
ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն ասել է, որ միջազգային ճգնաժամը ցույց տվեց, որ ռիսկերի կառավարումն արդիական է ցանկացած, հատկապես ֆինանսական կազմակերպության համար, միևնույն ժամանակ, առավել կարևոր է ֆինանսական կազմակերպությունում ռիսկերի վրա հիմնված վերահսկողության իրականացումը:








































