Այս օրերին Ադրբեջանի կողմից Արցախի կյանքի ճանապարհն արգելափակելու քայլը զուտ նախերգանք է: Ադրբեջանը միշտ է այպես գործում՝ նախապես պլանավորած սցենարով ստեղծում է ճգնաժամ և զուգահեռաբար/նախօրոք քաղաքական և լոբբիստական մակարդակներում միջազգային հանրության համար սկսում է հիմնավորել իր պահանջների այսպես կոչված լեգիտիմությունը:
Արդյունքում, երբ ճգնաժամը ստեղծված է՝ միջազգային հանրության արձագանքը լինում է ոչ համարժեք, իրավիճակին և/կամ պրոադրբեջանական:
Ի՞նչ ենք անում մենք: Մենք արձագանքում ենք՝ զուտ իրավիճակային:
Այս օրերին, Հայաստանի Հանրապետության դիրքավորումն ինձ հիշեցնում է 2021թ. մայիսի 12-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական պետական մեքենայի դիրքավորման ձևն ու բովանդակությունը: Այսպես՝
ա/ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին ոչ թե 4-րդ, այլ 2-րդ հոդվածով: Ես ամենևին նկատի չունեմ, որ դրա պատճառով ՀԱՊԿ-ը մայիսին չկատարեց իր կանոնադրական պարտականությունները: Ես նկատի ունեմ, որ մենք զուտ երկարաձգեցինք ՀԱՊԿ-ին պաշտոնական մակարդակով ջրի երես հանելու գործընթացը և բառիս բուն իմաստով կորցրեցինք մայիսյան և սեպտեմբերյան ագրեսիաների արանքում մեր գործելու հնարավորությունները, որոնք, ըստ էության, կարող էին կանխել սեպտեմբերյան ագրեսիան, պահպանել հարյուրավոր կյանքեր և ռազմավարական նշանակության սուվերեն տարածքներ:
բ/Մայիսին մենք չդիմեցինք ՄԱԿ ԱԽ-ին, քանի որ մեր պատկերացմամբ հաշվարկները մեր օգտին չէին և արդյունքում՝ ադրբեջանական հաջորդ ագրեսիան իրեն սպասեցնել չտվեց սեպտեմբերին: Իհարկե կարելի է առաջ քաշել նաև այն վարկածը, որ սեպտեմբերյան ագրեսիան բացեց մեր ձեռքերը՝ Ադրբեջանին ագրեսոր ներկայցնելու համար, բայց արդյո՞ք մենք կարողանում ենք ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ օգտվել այդ հնարավորությունից՝ պետական, հանրային, լոբբիստական և այլ մակարդկաներում: Մի՞թե մեր 30-ամյա ձախողված արտաքին քաղաքականությունից և, որպես հետևանք, ձևավորած անկենսունակ անվտանգային համակարգից այդպես էլ չգիտակցեցինք, որ թիմային գործելաոճն է հաջողելու գրավականը, իսկ թիմային աշխատանքն, առանց ռազմավարական մտածողության և գործուն ռազմավարության ուտոպիա է:
Ներկայիս հումանիտար ճգնաժամը կասեցնելուց հետո Արցախում անկասկած սպասենք ադրբեջանական հաջորդ հարվածին, որը, ի դեպ, կարող է չլինել ռազմական և ամենայն հավանականությամբ չի էլ լինի ռազմական: Միևնույն ժամանակ, այն իր մաշտաբներով և նշանակությամբ արցախահայերի համար հավասարեցված է լինելու այն հետևանքների հետ, որոնք կլինեին ռազմական ագրեսիայի պարագայում: Եվ այս անգամ արդեն, մեր գործն ավելի է բարդանալու, քանի որ մենք չունենք հիբրիդային պատերազմ վարելու և դրան հակազդելու մարտավարություն/ռազմավարություն, իսկ Ադրբեջանն ունի և շատ լավ կիրարկում է:
Պատմության մեջ անձերի նշանակությունը պետք չէ թերագնահատել, միևնույն ժամանակ, չի կարելի նաև այն գերագնահատել: Այսօր, հաջողված են այն պետությունները, որոնք կարողանում են կառուցել այնպիսի սիստեմ, որտեղ ժամացույցի աշխատանքի չճշգրտությամբ ամեն դերակատար ունի իր անելիքը, իսկ սա հնարավոր է բացառապես գործուն ռազմավարություններ մշակելու և կիրարկելու շնորհիվ:
Այլևս նախկին ռեժիմին մերժելը բավարար լինել չի կարող ներկայի իշխանությունների ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ թերացումները «չնկատելու» համար, քանի որ նախկին ռեժիմն այլևս անցյալ է՝ և’ որպես գործոն, և’ որպես ռեսուրս, իսկ Հայաստանի Հանրապետությունը բոլորիս պետությունն է, որտեղ պետք է ապրեն և արարեն մեր սերունդները:







































