«Ադրբեջանը միշտ էլ եղել է ԱՄՆ-ի հենարանը Աֆղանստանի հարցում, ինչը, սակայն, մեզ հետ ոչ մի կապ գրեթե չունի: Նման հատկացումները նորմալ են և սովորական»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով Պենտագոնի կողմից Ադրբեջանի ռազմածովային ուժերին մոտ 10 մլն դոլարի օգնություն տրամադրելու հանգամանքը՝ կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ Associated Press լրատվական գործակալության հայթայթած փաստաթղթի համաձայն` Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը մոտ 10 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Ադրբեջանին` այդ երկրի ռազմածովային հատուկ ուժերի հակաահաբեկչական կարողությունները բարելավելու նպատակով: Նույն այդ փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը Կասպից ծովում Իրանին սահմանակից կարևոր դաշնակից է, և որ նավթով հարուստ Ադրբեջանը Աֆղանստան կատարվող մատակարարումների ճանապարհներից մեկը:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով` լինելով նման հարցում ԱՄՆ-ի հենարանը, Ադրբեջանը ինչ-որ առումով շահեկան դիրքերում է գտնվում: Այդուամենայնիվ, ըստ փորձագետի՝ այս ֆինանսական հատկացումը կապված է միմիայն Աֆղանստանում ԱՄՆ-ի իրականացրած ծրագրերի և մասնավորապես ծովային ոլորտի հետ, ինչը բնականաբար չի կարող ազդել ԼՂ հարցի կարգավորման վրա, քանզի նման ծրագրեր, փորձագետի հավաստմամբ, Հայաստանի հետ ևս իրականացվում են:
«Միակ խնդիրն այն է, որ ադրբեջանցիները ամերիկացիների հետ ավելի շատ շփվելով ավելի շատ են սովորում բանակաշինության ճիշտ ուղիները»,- մանրամասնեց ռազմական փորձագետը:








































