Նյու Յորքի Rye Playland զբոսայգին ստիպված է եղել փակվել վեճից հետո, որը ծագել է, երբ մուսուլմանական գլխաշորով կնոջը թույլ չեն տվել մտնել ատրակցիոն, գրում է The Telegraph թերթը:
Մոտ 3000 մուսուլմաններ ուղղվել են դեպի զբոսայգի, որպեսզի նշեն Ռամադան ամսվա ավարտը: Սակայն որոշ կանանց չեն թույլատրել ատրակցիոնների մոտ` ելնելով անվտանգության նկատառումներից:
Այգու աշխատակիցները նրանց հայտնել են, որ գլխաշորերն ատրակցիոններում արգելվում են, քանի որ դրանք կարող են ընկնել «ամերիկյան բլուրների» գծերի վրա: Այս հայտարարությունը բուռն բողոք է բարձրացրել, և տասնյակ մարդիկ հերթ են կանգնել, որպեսզի վերադարձնեն գումարները:
Ծագած անկարգությունների արդյունքում տուժել են այգու երկու աշխատակից, ինչը նրանց գործընկերներին ստիպել է փակել Rye Playland-ը:
Դեպքի վայր են ժամանել մոտ 100 ոստիկաններ, 15 մարդու, այդ թվում՝ նաև երեք կնոջ մեղադրանք է ներկայացվել: Մեղադրյալները լրագրողներին պատմել են. «կռիվ սկսվեց, որովհետև մենք մուսուլման ենք», իսկ այգու աշխատակիցները դա հերքել են:
Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի Նյու Յորքի մասնաճյուղի նախագահը հայտարարել է. «Այս ամենը սարսափելի ավարտ ունեցավ՝ թյուրիմացության պատճառով»: