Ինչպես հայտնի է, WikiLeaks-ը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գաղտնազերծված հերթական փաստաթուղթը, որտեղ ներկայացված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նամակը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ Կաթողիկոսն իր բողոքն էր արտահայտել Վրաստանում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի կապակցությամբ և ներկայացնում է իր դիրքորոշումը:
Ըստ այդ փաստաթղթի՝ Կաթողիկոսը գրում է, որ Խորհրդային Միության փլուզումից ի վեր այս երկրում փոքրամասնությունների հարցում ոչինչ չի փոխվել: Ընդհակառակը,- նշում է կաթողիկոսը,- բացի Վրաց ուղղափառ եկեղեցուց, մյուս փոքրամասնություններն ավելի ճնշված են, սահմանափակված, և նրանց նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումներ կան:
Կաթողիկոսը խնդրել է նախագահ Օբամայի օգնությունը, քանի որ Վրաստանի իշխանությունների և Վրաց ուղղափառ եկեղեցու հետ տարիներ տևած բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցրել: Վիճահարույց հարցերի թվում Կաթողիկոսը նշել է Վրաստանում կրոնական փոքրամասնությունների օրենսդրության թերի լինելն ու եկեղեցական շինությունների և ունեցվածքի վերադարձը:
Որպես վրացական իշխանությունների և եկեղեցու բացասական գործունեության հետևանք՝ Կաթողիկոսը նշել է դրանից օրեր առաջ Թբիլիսիում Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզումը, որը երկրորդ նմանատիպ դեպքն էր Վրաստանում: «Սա լուրջ վրդովմունք է առաջացրել մեր ժողովրդի և եկեղեցու շրջանում»,- ասել է Կաթողիկոսը:
«Առաջին լրատվականն» այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդին խնդրեց մեկնաբանել Կաթողիկոսի նամակը և դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքները Վրաստանում վրացահայերի նկատմամբ հակահայկական տրամադրությունների տեսանկյունից:
«Չեմ կարծում, որ Վեհափառը այդպիսի նամակ գրեր Վրաստանում փոքրամասնությունների իրավունքների խախտման առնչությամբ: Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ Վեհափառը չէր կարող գրել այդպիսի բան, որովհետև Վեհափառը բոլորից լավ գիտի, որ այն իրավունքները, որոնք Վրաստանում ունեն հայերը՝ սկսած խորհրդարանում ներգրավվածությունից, տեղական ինքնակառավարման մարմիններում: Վեհափառը այդ ամենը լավ գիտի, նա չէր կարող բողոքել: Եթե Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցին քանդվել է, ապա Մուղնիի եկեղեցու նման եկեղեցիներ են քանդվում նաև Հայաստանում: Իսկ Վրաստանի իշխանությունների աջակցությամբ նման եկեղեցիների վերակառուցման աշխատանքներն արդեն գնում են: Ով Վրաստանին դատապարտում է՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ իրավունքների խախտման առումով, նորից եմ կրկնում՝ թող մի երկիր ցույց տան, որտեղ բնակվում են մեծ թվով ազգային փոքրամասնություններ, և այդ երկիրը իր բյուջեով պահում է 145 հայկական դպրոց, 140 ադրբեջանական, 200 ռուսական դպրոցներ, թատրոններ, ռադիո և հեռուստահաղորդումներ: Ինչի՞ մասին է խոսքը: Դա միայն ու միայն մի երկրի՝ Ռուսաստանի դամքաշներն են գոռում նույն բանը: Բայց ոչ Հայաստանի մամուլը, ոչ WikiLeaks-ը չեն գրում, թե ինչու Սոչիում դեմոնտաժեցին Անդրանիկի արձանը: Ինչո՞ւ Հայաստանում ոչ ոք ձեռք չբարձրացրեց Մոսկվայում ֆակուլտատիվ հիմունքներով հայերեն դասավանդող ռուսական դպրոցի փակմանը, և ովքեր Հայաստանում ձեռքներն են շփում, թե տեսեք՝ ինչ է կատարվում Վրաստանում, թող գոռան Անդրանիկի արձանի մասին, Մոսկվայի վերոնշյալ դպրոցի փակման առիթով:
Պարոն Բայբուրդին հիշեցրինք, որ այնուամենայնիվ գաղտնազերծված փաստաթղթերը ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր են. «Ես գիտեմ մի բան, որ WikiLeaks-ում Ռուսաստանի հատուկ ծառայությունները հազարումի աղբ են գցում, որ հայն ու վրացին իրար խփեն, ես սրանում համոզված եմ»:








































