«Վրաստանում մեծ նշանակություն չեն տալիս այն հարցին, թե ինչպիսի ընթացք կունենան Աբխազիայի ընտրությունները, բայց, իհարկե, շատ լավ է, որ ամեն ինչ հարթ ու անցնցում է ընթացել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, գնահատելով Աբխազիայի ընտրությունները, կարծիք հայտնեց վրացի քաղաքագետ Տորնիկե Շարաշենիձեն:
Հիշեցնենք, որ Աբխազիայում օգոստոսի 26-ին տեղի ունեցած վաղաժամ նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդր Անկվաբը:
Վրացի քաղաքագետը նկատեց, որ Վրաստանում այդքան էլ հետաքրքրված չեն, թե ով է Աբխազիայի նախագահը, քանզի դա երկրորդական հարց է, և առավել կարևոր է, թե Վրաստանի հետ հարաբերություններում ինչպես իրեն կպահի Ռուսաստանը: Շարաշենիձեն իր այդ դիտարկումը պատճառաբանեց նրանով, որ Աբխազիայի նորընտիր նախագահը, ինչպես նաև նախագահի մյուս թեկնածուները, երբևէ հակառուսական քայլեր չեն կատարի և չեն բարելավի հարաբերությունները Վրաստանի հետ:
Քաղաքագետը նկատեց, որ Աբխազիան ինքնուրույն որևէ որոշում չի կարող կայացնել, և այնտեղ տեղի ունեցող զարգացումները առավել հետաքրքրական կդառնան Ռուսաստանի ընտրություններից հետո. «Այդ ընտրություններից հետո ամեն ինչ դեպի վատը կփոխվի, քանզի այսօր Ռուսաստանը հետաքրքրված չէ աբխազներով, որովհետև շուտով օլիմպիադա է, ներքաղաքական հարցեր կան, սակայն երբ Պուտինը գա Կրեմլ, նա անպայման կզբաղվի աբխազներով: Աբխազիայի համար վատ օրերը դեռևս առջևում են»:








































