Ադրբեջանական ագրեսիան հերթական անգամ բացահայտում է հայկական հասարակական-քաղաքական օրգանիզմի լրջագույն ախտահարվածությունը, գործնականում ինստիտուցիոնալ բոլոր մակարդակներում: Մեզանում բնականաբար առաջնային պատասխանատվոության և ուշադրության դաշտում դիտվում է կառավարման համակարգը, կառավարման ինստիտուտները, որոնց անմխիթար և բավականին թույլ, անկատար իրավիճակն ու բնույթը ամենևին նորություն չեն և խոշոր հաշվով, տարբեր օբյեկտիվ ու նաև զգալիորեն սուբյեկտիվ պատճառներից ելնելով չեն փոխվել նաև 2018-ի հեղափոխություն-իշխանափոխությունից հետո: Այստեղ մենք ունենք անցնելու բարդագույն ճանապարհ, այդ թվում դժբախտաբար նաև արտաքին ագրեսիայի ռիսկերով լեցուն: Սրան զուգահեռ, մեզանում գործնականում ոչ պակաս անկատարության և անկենսունակության ռեժիմ է նաև հասարակական միջավայրում: Ինստիտուցիոնալ վակուումը ակնառու է նաև այստեղ:
Խոսքը ցուցանակային ինստիտուցիոնալության մասին չէ, այլ իրական, բովանդակային, որակական: Ինչպես 44-օրյա պատերազմի մասշտաբի, այնպես էլ ադրբեջանական սահմանային ագրեսիայի զգալիորեն ավելի լոկալ լարվածության պայմաններում ակնառու է դառնում հասարակական օրգանիզմի արձագանքի կազմակերպվածության խնդիրը: Այն իհարկե բարդանում է ժամանակակից տեղեկատվական միջավայրի հետևանքով, երբ ամբիոն ունի ցանկացած ոք, որ կարող արտահայտել ցանկացած միտք, որն էլ կարող է գտնել նվազագույնը մի քանի հազար հավանություն և դառնալ հասարակական ուշադրության առարկա: Այդպես ցրվում, մասնատվում, լղոզվում է հասարակական-քաղաքական գիտակցությունը, միտքը, հասարակությունը զրկվում է հավաքական արձագանքի կայուն հնարավորությունից, վերածվելով հատվածական դրսևորումներից կազմված մի օբյեկտի: Սա երևույթ է, որն այլ բան չէ, քան դանդաղ գործողության ական, որը հարվածելու է ինստիտուցիոնալ կայացման բոլոր հեռանկարներին:
Իրավիճակը հերթական անգամ ցույց է տալիս, ընդ որում աղաղակող մակարդակում, թե ինչ ահռելի աշխատանք կա կատարելու Հայաստանում հասարակական-քաղաքական օրգանիզմի որակական վերափոխման ուղղությամբ, ու այդ աշխատանքը պետք է կատարվի թե պետական կառավարման, թե հանրային, քաղաքական, քաղաքացիական ռեսուրսի համադրումով: Բայց այն պետք է առաջնորդի կառավարող մեծամասնությունը, մեծամասնությունը պետք է թելադրի հասարակական-քաղաքական զարգացման ընթացքը, արդիականացման օրակարգը, ինստիտուցիոնալացման տրենդը: Այսօր թվում է, թե այդ խոսակցության ժամանակը չէ, քանի որ թշնամին գրոհում է սահմանը, իսկ բանակը փորձում կանգնեցնել ու հետ մղել: Բայց, խորքային առումով, բանակի թիկունքը ոչ թե համախմբվածության գեղեցիկ կոչերն են, որքան էլ դրանք այո՝ հնչում են կարևոր ու անհրաժեշտ, այլ ինստիտուցիոնալացվող հասարակական-քաղաքական կյանքը, արդիականացող համակեցության միջավայրը, որտեղ ֆունկցիոնալ ամբողջությունը ավելորդ է դարձնում գեղեցիկ կոչերը, քանի որ աշխատում են ինստիտուտները և չկա ավելորդ դեկլարացիաների կարիք, ու ամուր է բանակի թիկունքը թե պատերազմի, թե խաղաղության շրջանում:








































