ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ, անկախ ընդունված ուսանողների թվից, բարձրագույն կրթության պետական վարկավորումը պահպանվել է: Սիմոնյանը նշեց, որ իրենք մի քանի տարի առաջ արդեն տեղյակ էին, որ այս տարի դպրոցները շրջանավարտ չեն տալու, հետևաբար բուհական ընդունելությունը ևս սակավ է լինելու, և իրականացվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Նա նշեց, որ անցած տարիներին իրենք նախատեսվածից ավելի են ընդունելություն կազմակերպել, որպեսզի մեղմեն այս տարվա սակավ ընդունելության հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրները:
Սիմոնյանը հավաստիացրեց, որ թեև ուսանողների այսպիսի նվազումը առաջացրել է հաստիքների պահպանման խնդիր, սակայն բուհերը և կառավարությունը արել են հնարավորը, որպեսզի կրճատումներ տեղի չունենան. «Մենք մարդկանց առանց աշխատանք չենք թողնի»:
Սիմոնյանը տեղեկացրեց, որ թերծանրաբեռնվածությունը, ժամաքանակները լրացնելու համար իրենք փոփոխություններ են մտցրել հեռակա ուսուցման համակարգում, մասնավորապես՝ եթե նախկինում հեռակա ուսուցումը առանձին ժամավճարի ֆոնդի տեսքով էր իրականացվում, ապա այսօր հեռակա ուսուցումը ներգրավել է ընդհանուր ծանրաբեռնվածության մեջ: Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս տարվանից իրենք պարտադիր են դարձրել բուհի անձնակազմի որակավորման բարձրացումը, որի շրջանակներում անցկացվելու են անգլերենի և համակարգչի դասընթացներ: ԵՊՀ ռեկտորը բուհական համակարգի զարգացման առումով կարևորեց հանրապետության բուհերի ակտիվ համագործակցությունը: Նրա խոսքերով, այդ համագործակցությունը վերջին տարիներին մտել է որակական նոր փուլ, և այժմ շատ միջազգային ծրագրերի հանրապետության պետական բուհերը ներկայանում են միասնական ուժերով:








































