Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է: Մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ:
Ըստ Պետրոսյանի՝ Ադրբեջանը լոկալ առաջխաղացման նպատակ ունի․ «Ուկրաինայում ՌԴ գործերը այնքան էլ լավ չեն․ Ադրբեջանը օգտվում է իրավիճակից: Ադրբեջանի կողմից լոկալ գործողությունը չպետք է բացառել: Հանդիպումներին ընդառաջ Ադրբեջանը Հայաստանի վրա հավելյալ ճնշումներ է գործադրում: Գլոբալ առճակատման դեպքում հայկական կողմի հնարավորությունները մեծանում են: Սողացող ագրեսիայի դեպքում Հայաստանի հնարավորությունները քիչ են: Սողացող ագրեսիան խնդիրներ է առաջացնում և Հայաստանի, և Ադրբեջանի, և նաև ՌԴ համար: Սահմանային որևէ սրացումը նշանակում է Արցախի հայաթափում, տարածքային կորուստ, որտեղ մեղք ունեն նաև ռուս խաղաղապահները»:









































