ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը օրերս հայտնել էր, որ 2022-ի հունվարի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումներն աճել են շուրջ 155,7%–ով։ Ներկայացնելով 2022-ի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը, որով նկատելի է, որ աճը պայմանավորված է՝ հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտությամբ ՌԴ-ից Հայաստան տեղափոխված կամ ՀՀ–ում գրանցված տնտեսական գործունեություններով։ Ըստ նախարարի՝ ՌԴ-ից հունիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրամական զուտ փոխանցումների աճը եղել է 391,2%։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Սարգսյանն ասաց, որ այս թվերը հիմնականում պայմանավորված են ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցություններով և Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսքով, որոնք իրենց հետ նաև բերել են արտարժույթ, որը փաստացի չէին կարող օգտագործել ՌԴ-ում՝ սահմանափակումների պատճառով, հետևաբար այդ գումարները, ինքնըստինքյան, հոսել են հարևան երկրներ, այդ թվում նաև՝ Հայաստան, որն էլ իր հերթին մեծ ազդեցություն է ունեցել արտարժույթի վրա։
Իրավիճակը, ինչպես արդեն նշեցինք, պայմանավորված է՝ ռուս-ուկրաինական պատերազմով, որն անկանխատեսելի ընթացք ունի և ցանկացած իրավիճակի փոփոխություն կարող է ազդել նաև այս հոսքերի վրա, սակայն ճշգրիտ որևէ գնահատական տալ հնարավոր չէ։ Դատելով առկա ընդհանուր միտումներից՝ կարելի է ասել, որ բանկերի նկատմամբ արտարժութային գործարքների մասով Ռուսաստանի ԿԲ-ի քաղաքականությունը մեղմացել է, այսինքն՝ արժութային շեմի բարձրացմամբ, սահմանափակումները որոշակիորեն մեղմացվել են, ինչի հետևանքով՝ հնարավոր է հոսքերի աճ նկատվի։
«Ոլորտում կտրուկ անկում չի լինի, եթե լինի անկում, ապա կլինի աստիճանաբար։ Կտրուկ անկման մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ Ռուսաստանի իշխանությունները կտրուկ արգելափակեն արտարժույթի հոսքը, այսինքն՝ նոր սահմանափակումներ մտցվեն, սակայն դա այդքան էլ իրատեսական չէ, քանի որ ՌԴ-ի ԿԲ-ն ներկա դրությամբ գնում է մեղմացումների, որովհետև այս իրավիճակն ազդում է նաև Ռուսաստանի ներքին տնտեսության վրա, և թե՛ իրենց երկրին, թե՛ երկրի ԿԲ-ին ձեռնտու չէ, որ ռուբլին գերարժևորված լինի։ Ներկայումս համաշխարհային շուկայում միտում կա, որ դոլարը ինդեքսը բարձրացել է և արժևորվել, բացառությամբ ռուբլու և հայկական դրամի։ Այս երևույթը որոշ չափով ազդում է ՌԴ-ի տնտեսության մրցունակության վրա։ Փաստ է, որ Ռուսաստանին այս իրավիճակը ձեռնտու չէ և եղած սահմանափակումները ինքնըստինքյան ազդել են ռուբլու արժևորման վրա»,- ընդգծում է Սարգսյանը։
Պետք է նշել, որ եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը՝ առկա թվերը չէին լինի, որովհետև նախկին թվերն ապահովված են եղել արտագնա աշխատանքի գնացած մարդկանց ուղարկած գումարներով, սակայն այդ թվերով էական աճ հնարավոր չէր գրանցել։ Կտրուկ աճը պայմանավորված է, բնականաբար, ռուսաստացիների Հայաստան ժամանելով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով և սահմանափակումներով։ Պետք է նշել, որ մեղմացումների արդյունքում թվերն աճում են, հակառակ դեպքում՝ թվային նման արդյունքներ չէին լինի։







































