Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասսը առաջին ելույթն է ունեցել իր պաշտոնում, խոսելով այն մասին, որ Բրիտանիան կդարձնեն այն երկիրը, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր հնարավորությունը: Աշխարհն իհարկե Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին դիտարկում է աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում, մասնավորապես ուկրաինական պատերազմի: Իսկ այդ առումով, Մեծ Բրիտանիայի վարչապետ է դարձել գործիչ, որը թերևս ամենաարմատական դիրքավորումն ունի Ռուսաստանի հանդեպ: Թրասսն այդ իմաստով առավել արմատական է իր մոտեցումներում, քան նրա նախորդը՝ Բորիս Ջոնսոնը: Իհարկե պետք է նկատել, որ մի բան է դիրքորոշումը արտաքին գործերի նախարարի կարգավիճակում, մեկ այլ բան է պետության ղեկավարը: Արդյո՞ք կարգավիճակի, հետևաբար պատասխանատվության շրջանակի փոփոխությունը կբերի նաև որոշակի վարքագծային, հայացքների, հռետորաբանության փոփոխության, հնարավոր կլինի գնահատել ընթացքում: Առայժմ այդ փոփոխությունը չի նշմարվում և Լիզ Թրասսը շարունակում է իր արմատական գնահատականն ու դիրքորոշումը Պուտինի և նրա գործողությունների հանդեպ: Սա նշանակում է, որ բրիտանական քաղաքականությունը իրավիճակը կտանի բաժանարար գծերի առավել սրացման, ինչը որոշակի մարտահրավեր է նաև Հայաստանի համար:
Բանն այն է, որ Մեծ Բրիտանիան այն պետությունն է, համաշխարհային ասպարեզի այն խաղացողը, որի հետ հարաբերության զարգացումն ու աշխատանքի սերտ ընթացքը ունի կարևոր նշանակություն: Ի վերջո, խոսքը ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամ երկրներից մեկի մասին է, որը չունի մեր ռեգիոնում անմիջական քաղաքական դերակատարում, սակայն անկասկած ունի տարբեր տնտեսա-քաղաքական հետաքրքրություններ և նաև այդ ամենը սպասարկելու բավականին նուրբ և հմուտ գործիքակազմ, դիվանագիտական-քաղաքական մեծ փորձառությամբ: Այդ խաղացողի հետ հարաբերությունը հույժ կարևոր է դարձնում և այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիայի հետ տնտեսական և քաղաքական սերտ հարաբերություն ունեն Ադրբեջանն ու Թուրքիան: Ռուսաստանի հանդեպ բրիտանական քաղաքականության ռադիկալության և մերժողականության գերբարձր աստիճանը բնականաբար խիզգ զգայուն է դարձնում հայ-բրիտանական հարաբերության ուղղությամբ Հայաստանի աշխատանքը, հաշվի առնելով Ռուսաստանի վերաբերմունքի հանգամանքը:
Իսկ դա մի գործոն է, որը անտեսելը գործնականում հնարավոր չէ, դուր գա որևէ մեկին, թե ոչ: Հայաստանը ներկայիս գերզգայուն աշխարհաքաղաքական միջավայրում հավասարակշռությունը պահելու, արևմտյան գործընկերների հետ առավելագույն արդյունավետությամբ հարաբերություն կառուցելու համար ունի ռուսական «արձագանքները» կառավարելու առանցքային խնդիր, ու այդ խնդիրն է, որ բարդանում է ՌԴ հանդեպ Արևմուտքի քաղաքականության, տվյալ պարագայում բրիտանական դիրքորոշումների գերարմատականացման հեռանկարի պարագայում: Այդուհանդերձ, հայկական դիվանագիտության համար այս պարագայում չկա այլընտրանք, քան գտնել հավասարակշռման, ՌԴ վերաբերմունքի ռիսկերի կառավարման և այդ միջավայրում Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի պաշտոնավարման շրջափուլում հայ-բրիտանական հարաբերության առաջմղման բանաձևը: Ի դեպ, այստեղ Հայաստանը թերևս կարող է օգտագործել նաև ոչ ֆորմալ, բայց թերևս բավականին կենսունակ այլ ռեսուրսներ:









































