Ինչպես և կանխատեսել էի Պուտին-Ալիև հեռախոսազրույցի առիթով անդրադարձում, առաջիկայում տեղի կունենա նաև Հայաստանի վարչապետի հետ Պուտինի շփումը: Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետը եռօրյա այցով այսօր կմեկնի Ռուսաստան՝ Վլադիվոստոկ, որտեղ կմասնակցի բազմաբևեռ աշխարհի թեմայով միջազգային համաժողովի: Դրա շրջանակում էլ տեղի կունենա Պուտին-Փաշինյան հանդիպում:
Մինչ այդ, Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը սեպտեմբերի 5-ին այցելել էր Մոսկվա և հանդիպել ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ: Ինչպես հայտնի է, նույն օրն ԱՄՆ աշխատանքային այց է կատարել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Միաժամանակ հարկ է նկատել, որ սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քարեն Դոնֆրիդի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որի ընթացքում քննարկել են Բրյուսելի հանդիպման մանրամասներ:
Փաստորեն, Հայաստանի արտգործնախարարը հաղորդակցվել է Լավրովի, իսկ Ադրբեջանի արտգործնախարարը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ: Չի բացառվում, որ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը կկապվի նաև Հայաստանի արտգործնախարարի հետ, եթե արդեն իսկ չի արել դա մինչև այս անդրադարձի հրապարակումը: Այդպիսով ակնառու է, որ Բրյուսելի հանդիպումից հետո թե Մոսկվան, թե Վաշինգտոնը կարծես թե կողմերի հետ աշխույժ շփման մեջ են: Պարզ չէ սակայն, այդ շփման նրանց նպատակը ավելի շատ միմյանց խանգարե՞լն է, թե՞ որևէ կոնկրետ որոշում առաջ մղելն ու իրավիճակ փոխելը: Այդ ամենում իհարկե առավել վտանգավորն այն է, որ նմանօրինակ հարաբերակցության տևականությունը կարող է հղի լինել իրադրության «ճահճացմամբ», դրանից բխող հետևանքով, ինչը անշուշտ ցանկալի չէ Հայաստանի համար: Այդ հարցը սակայն առավելապես կախված է երկու այլ գործընթացներից՝ Իրանի միջուկային գործարքի վերականգնման հեռանկար և ուկրաինական պատերազմում ուժերի հարաբերակցություն:











































