Եվրոպական հանձնաժողովը մտադիր է ֆինանսավորել Հայաստանի հետ ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման և մոնիտորինգի նախագիծը։
Մասնավորապես, նախատեսվում է Երևանին աջակցություն ցուցաբերել բարեփոխումների գործընթացում. «Ծրագիրը կօգնի Հայաստանի կառավարությանը բարեփոխումների, ՀԸԳՀ-ի իրականացման և ռազմավարական հաղորդակցության գործընթացում»։
Միաժամանակ լրացուցիչ աջակցություն կտրամադրվի Հայաստանի կառավարության գերատեսչություններին՝ ՀԸԳՀ-ի մոնիտորինգի հարցում:
Բացի այդ, ինչպես նշված է փաստաթղթում, ծրագիրը կնպաստի Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրային նախաձեռնություններին և հաղորդակցությանը:
Ծրագիրը նախատեսված է չորս տարվա համար։ Ֆինանսավորման չափը կկազմի 7,7 մլն եվրո։







































