Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ստամբուլում BOTAŞ թուրքական պետական խողովակաշարային ընկերության ու Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) միջև մեկնարկել են գազային համաձայնագրերի փաթեթի կնքման շուրջ հերթական բանակցությունները։
Այս կապակցությամբ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը լրագրողներին հայտնել է, որ այդ բանակցությունները մասնավորապես առնչվում են Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի՝ դեպի Եվրոպա տարանցմանը։ Թուրք դեսպանը հույս է հայտնել, որ այդ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն սեպտեմբերին։
Ըստ դեռևս չկնքված այդ համաձայնագրի՝ ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի երկրորդ փուլի, որը մեկնարկելու է 2017 թվականին, գազը Թուրքիայի տարածքով (Nabucco գազատարով) տարանցվելու է դեպի Եվրոպա՝ տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր ծավալով։
Տվյալ խնդրին անդրադարձել է Ադրբեջանում հրապարակվող Новое Время թերթը։ Վերջինս նշում է. «Եթե պաշտոնական Բաքուն, այնուամենայնիվ, որոշի մտնել գործնական ու ֆինանսական տեսանկյուններից կասկածելի այդ խաղի մեջ, ապա դա կլինի միայն սուբյեկտիվ պատճառներով։ Դա կլինի ադրբեջանական իշխանություններին տրվող երաշխիքների տեսքով, ադրբեջանական իշխանությունները տվյալ դեպքում մի կողմ կթողնեն պետական շահերը։
Չէ՞ որ տնտեսական տեսանկյունից Բաքվի համար էական չէ Nabucco նախագծի իրագործումը, քանի որ կան բազմաթիվ այլ նախագծեր, որոնցով Ադրբեջանը կարող է սեփական գազն արտահանել դեպի Եվրոպա կամ այն վաճառել իր հարևաններ Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային ու Վրաստանին։
Սակայն եվրոպացիների առաջարկած նախագծում (Nabucco) կա քաղաքական իմաստ։ Օրինակ, եթե ԵՄ-ը ադրբեջանական ներկայիս ռեժիմի անվտանգությանն ու ֆինանսներին երաշխիքներ տրամադրի և «աչք փակի» Ադրբեջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վրա գործադրվող ճնշումների վրա, ապա լիովին հավանական կլինի, որ Բաքուն պատրաստ կլինի ամեն ինչի։
Բաքուն ակնհայտորեն գերագնահատում է իր «նոր» արտաքին քաղաքական հնարավորությունները։ Այսինքն, նա փորձում է խաղալ երկու ճակատով՝ խոստանալով չմասնակցել այդ նախագծին՝ ընդ որում Արևմուտքին հակառակը վստահեցնելով։ Դա արվում է նրա համար, որպեսզի երկու կողմն էլ բարյացակամ դիրքորոշում որդեգրեն Ադրբեջանի հանդեպ՝ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում։
Սակայն այսօր կարելի է փաստել, որ «Ղարաբաղի դիմաց նավթ» բանաձևը չի տվել ակնկալվող արդյունքները։ Սխալ դուրս եկան այն հաշվարկները, թե «նավթային» դիվանագիտությունը և գլոբալ էներգետիկ նախագծերի իրագործումը կխթանեն Արևմուտքին՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում հետաքրքրություն ցուցաբերելու համար։
Այսօր Արևմուտքի համար ավելի կարևոր է ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որքան որ հակամարտող կողմերի ու հենց հակամարտության վերջնական աշխարհաքաղաքական «սեփականաշնորհումը»՝ այդ ամենը սեփական շահերին ծառայեցնելու համար։
Այդ տարբերակն արդեն իսկ գործել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղի պարագայում, ինչո՞ւ չփորձել նույնն անել Nabucco-ի պարագայում։ Հաշվի առնելով, որ Արևմուտքն ավարտում է Մերձավոր Արևելքի քաղաքական ցիկլը, ամենայն հավանականությամբ, նրա հաջորդ թիրախը դառնալու է Հարավային Կովկասը, իսկ Nabucco-ն դառնալու է այն կետը, որտեղից մեկնարկելու են աշխարհաքաղաքական մարտերը»։









































