Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզաևը հայտարարել է, թե Կարակալպակիայի ընդվզումները մշակել են արտերկրի գործակալները և դա եղել է տարիների ընթացքում: «Այդ իրադարձությունները տարիներ շարունակ պատրաստել են արտաքին ուժերը և իհարկե նրանց նպատակը եղել է Ուզբեկստանի տարածքային ամբողջության նկատմամբ ոտնձգությունը», հայտարարել է Միրզաևը: Պաշտոնական Տաշքենդը ուժով զսպեց Կարակալպակիայում տեղի ունեցած հասարակական բողոքի ցույցերը, որոնց առիթը Ուզբեկստանի սահմանադրության փոփոխության նախագիծն էր: Մասնավորապես, այդ նախագծով նախատեսվում էր փաստացի վերացնել Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը ներառող Կարակալպակիայի ինքնավարությունը և հանրաքվերով ինքնորոշվելու հնարավորությունը: Դա բերեց տասնյակ հազարանոց ցույցերի, որոնց հանդեպ կիրառվեց ուժեր, եղան զոհեր, ըստ ոչ պաշտոնական տվյալի դրանց թիվը հարյուրավոր է:
Ընդ որում, ուշագրավն այն է, որ ուժով ճնշելով ընդվզումը, Տաշքենդի իշխանությունը նաև չեղարկեց Կարակալպակիայի ինքնավարությունը չեղարկելու նախաձեռնությունը: Ի դեպ, այդ իմաստով, Ուզբեկստանի նախագահի հայտարարությունը՝ արտաքին ուժերի վերաբերյալ, առաջացնում է նաև հարց. այդ դեպքում արդյո՞ք արտաքին ուժերն էին նախաձեռնել նաև սահմանադրության փոփոխության այն դրույթները, որոնք դարձան հասարակական ընդվզման առիթ Կարակալպակիայում: Բայց գլխավոր հարցն իհարկե այն է, թե հատկապես ի՞նչ արտաքին ուժեր նկատի ունի Ուզբեկստանի նախագահ Միրզաևը: Այդ ուժերը կողմնացույցի ո՞ր կողմում են, ո՞ր երկրի գործակալներն են Ուզբեկստանում տարիներ շարունակ պատրաստել այդ անհնազանդությունն ու միջէթնիկ կոնֆլիկտի օջախը: Ուզբեկստանի ուղղությամբ, ինչպես կենտրոնասիական երկրների ընդհանրապես, աշխույժ աշխատում է նվազագույնը չորս արտաքին ուժ՝ Ռուսաստան, Չինաստան, Թուրքիա, ԱՄՆ: Աշխույժ է նաև Իրանը, սակայն առավելապես էթնիկ «հարազատոություն» ունեցող Տաջիկստանի ուղղությամբ: Ընդ որում, Կարակալպակիայում ընդվզումների շեմին՝ մեկ օր առաջ, Ուզբեկստանի կառավարությունն ԱՄՆ հետ ստորագրել էր ՏՏ ոլորտում բիզնես կառավարման աթուսորսինգի կոնսորցիում ստեղծելու մասին համաձայնագիր: Միաժամանակ, մոտ տասն օր առաջ էլ Շավկաթ Միրզաևի հյուրն էր եղել Ադրբեջանի նապագահ Իլհամ Ալիևը: Կարակալպակիայի իրադարձությունների հետևում ոմանք տեսնում են Ռուսաստանի ականջները, որպիսին տեսնում են գործնականում հետխորհրդային բոլոր ինքնավարությունների կոնֆլիկտահեն բնույթի առումով, ոմանք տեսնում են թուրքական ականջներ:
Ուշագրավ էր արձագանքել Կրեմլը, որի խոսնակը նշել էր, թե վստահ են, որ Տաշքենդի իշխանությունը կարող է կառավարել իրավիճակը: Բազմիմա՞ստ էր Պեսկովի ակնարկը, օրինակ Ղազախստանի օրինակով: Բանն այն է, որ ուզբեկական իրադարձությունները ունեն առերևույթ նմանություն, թեև հասկանալի է, որ բոլոր տեղերում «սատանան մանրուքների մեջ է», ինչպես ասում են բրիտանացիները, որոնք մոտ երկու դար առաջ կենտրոնասիական ռեգիոնի համար կռիվ էին տալիս ռուսների հետ:
Բանն այն է, որ Ղազախստանն ու Ուզբեկստանը ունեն մի նուրբ տարբերություն՝ առաջինը ՀԱՊԿ անդամ է, իսկ երկրորդը՝ ոչ: Եղե է ՀԱՊԿ անդամ, բայց հետո դուրս եկել և միացել «այլընտրանքային» ՎՈՒՈՒԱՄԻՆ, բայց հետո թողել նաև դա, իսկ երկու-երեք տարի առաջ Ուզբեկստանը վերստին խոսում էր ՀԱՊԿ-ին անդամակցելու մտադրության մասին: Հնարավոր է, որ ուկրաինական պատերազմը Տաշքենդին «ստիպել» է առկախել այդ մտադրությունները, ինչը սակայն դուր չի գա Մոսկվային: Ավելին, նույն ուկրաինական իրողությունների համատեքստում Մոսկվան կարող է առավել շահագրգռված լինել Տաշքենդը այսպես ասած եվրասիական ինտեգրացիայի դաշտ բերելու հարցում: Արդյո՞ք Կարակալպակիան այդ առումով ուներ колпак-ի՝ Ուզբեկստանի գլխին հագցվող «աքսեսուարի» նշանակություն: Ի դեպ, խորհրդանշական է նաև ուզբեկ անվանման ծագումը, որ նշանակում է ինքն իր գլխի տեր: Ո՞վ է ներկայումս ուզել ցույց տալ, ու Ուզբեկստանը չի կարող լինել ինքն իր գլխի տերը:











































