Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության տապալման համար մեղադրել է Թուրքիայի հարևաններին.
«Պաշտոնական Անկարայի կողմից «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունից հետո՝ վերջին շրջանում Հայաստանի, Սիրիայի ու Իրաքի հետ հարաբերություններում նկատվող լարվածությունը «բխում է» այդ երկրների քաղաքականությունից։
«Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը չի նշանակում, թե Թուրքիան անտարբերություն է ցուցաբերելու տարածաշրջանային զարգացումների նկատմամբ և չի ձեռնարկելու իր անվտանգության պաշտպանական միջոցառումներ։
Տարածաշրջանում Հայաստանի որդեգրած «ապակառուցողական» դիրքորոշումը, Սիրիայի կառավարության կողմից խաղաղ բնակչության նկատմամբ ուժ գործադրելը և Հյուսիսային Իրաքում բազավորված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) «ահաբեկչական» խմբերին վնասազերծելու նպատակով Անկարայի ձեռնարկած ռազմական գործողությունները որոշակի լարվածություն մտցրին այդ հարևան երկրների հետ հարաբերություններում»։
Հիշեցնենք, որ աշխարհի դիվանագիտական շրջանակներում Դավութօղլուն հայտնի է որպես «բոլորի հետ լեզու գտնել կարողացող մարդ»։ Նախորդ տարվա աշնանը Դավութօղլուն հարցազրույց էր տվել իրեն աշխարհի 100 մտածողների թվում ընդգրկած ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականին, որի լրագրող Բլեյք Հունշելին հոդվածը վերնագրել էր «Պարոն Զրո խնդիրը»:
Հարցազրույցի ժամանակ Դավութօղլուն նշել էր. «Երբ 2003 թվականին ես` որպես վարչապետ Էրդողանի գլխավոր խորհրդական, առաջ քաշեցի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, շատերը դա տիպիկ ուտոպիա էին համարում: Սակայն վերջին 8 տարիները հօդս ցնդեցրին այդ մտքերը: Այսօր դա իրականություն է: Ոչ ոք ճգնաժամ չի ակնկալում Թուրքիայի և նրա հարևան երկրներից մեկնումեկի միջև: Խաղաղության հասնելու համար պետք է ստեղծագործ լինել»:
«Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության տապալման հարցում հնչեցված մեղադրանքների հետ կապված՝ Դավութօղլուին պետք է հիշեցնել, որ հենց իր երկիրն է մեղավոր հայ-թուրքական մերձեցման գործընթացի տապալման մեջ, քանի որ Ադրբեջանի ճնշման և սպառնալիքների ազդեցության ներքո նա սկսեց տվյալ հարցը շաղկապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հօգուտ Ադրբեջանի առաջընթացի գրանցման հետ։
Սիրիայի հետ կապված՝ Դավութօղլուն պետք է հիշի Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետևյալ խոսքերը. «Թուրքիան Սիրիայի հետ ունի իր ամենաերկար ցամաքային սահմանը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն են թողնում հարևան Թուրքիայի վրա, սիրիական զարգացումները Թուրքիայի ներքին գործն են»։
Նույն տրամաբանությամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընթացող թուրքական (առավել ճշգրիտ՝ քրդական) զարգացումները կարող են համարվել Սիրիայի ներքին գործը։ Բացի այդ, Դավութօղլուն «մոռանում» է, որ թուրքական կառավարությունը տասնամյակներ շարունակ ուժ է կիրառում խաղաղ բնակչության (և մասնավորապես քրդերի) նկատմամբ։
Ինչ վերաբերում է Իրաքին, ապա չպետք է մոռանալ, որ Իրաքը չէ, որ ռմբակոծում է Թուրքիայի տարածքը, այլ՝ ընդհակառակը։ Ռազմական գործողություն ձեռնարկելու փոխարեն, Թուրքիան կարող է փակել PKK զինյալների ֆինանսավորման աղբյուրները, օգնություն ցուցաբերել Իրաքի օրինական կառավարությանը` երկրի հյուսիսային տարածքների վրա լիակատար վերահսկողություն սահմանելու համար, ուժեղացնել միջազգային վերահսկողությունը տարածաշրջանի իրավիճակի վրա:
Շարունակ ինքնիշխան պետության տարածք ներխուժելն ու ռմբակոծելը միայն վերացնում է փոխըմբռնումը թուրքական ու իրաքյան կառավարությունների միջև, առաջացնում է միջազգային հանրության անըմբռնողությունը և քուրդ ժողովրդի զայրույթը:









































