Օրերս «Փեթակ» առևտրի կենտրոնից հաճախորդն ապրանք է գնում ու հարցնում՝ հնարավոր է քարտով վճարում կատարել, թե ոչ։ Վաճառողը գինը բարձրացնում է 500 դրամով՝ ասելով՝ քարտով թանկ է ու ավելացնում. «Հեսա ամսի մեկից ինչ կա չկա թանկացնելու ենք։ Բա, որ գնանք էդ փողը կանխիկացնելու՝ տոկոս ա պահելու»։
Անկանխիկ վճարումների թեմայով «Առաջին լրատվական»-ը խոսել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որի փոխանցմամբ՝ տնտեսության մեջ անկանխիկ մուծումների թվի ավելացումը, միանշանակ, ողջունելի և կարևոր հանգամանք է, քանի որ դա նպաստում է տնտեսության ստվերի կրճատմանը, տնտեսական պրոցեսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ստացմանը, դա կարող է նաև նպաստել որոշակի հանցագործությունների նվազում, քանի որ մեծ քանակությամբ կանխիկ գումար պահելը առիթ է տալիս լրացուցիչ հանցագործությունների։
Սակայն անկանխիկ մուծումների անցնելու համար՝ պետք է տնտեսությանն ու բնակչությանը նախապատրաստել, ցավոք, մեր Կառավարությունն ու Կենտրոնական բանկը ոչ թե պատրաստվեցին, այլ պարզապես սպասեցին հուլիսի մեկին։ Ներկա պահին բնակչության մեծամասնությունն իրազեկված չէ անկանխիկ գործարքների հնարավորությունների մասին, դրա կատարման մեխանիզմների մասին, ինչպես նաև այն ֆինանսական հաստատությունների մասին, որոնց հետ կարելի է գործարքներ կատարել առանց լրացուցիչ ծախսերի, օրինակ՝ կարող ես անվճար հաշիվ բացել, քարտ ունենալ․ սրանք ֆինանսական գիտելիքներ են, որոնց քչերն են տիրապետում։ Այս իրավիճակում սխալ եմ համարում հուլիսի մեկից անցնել անկանխիկ վճարումների, որովհետև սա լրացուցիչ ծախսեր է առաջացնելու՝ թե՛ մարդկանց, թե՛ բիզնեսի համար։
Հուլիսի մեկից մանրածախ առևտրի կենտրոնները պետք է ունենան նաև անկանխիկ գործարքններ կատարելու հնարավորություն, այսինքն՝ ունենան համապատասխան սարքավորումներ, այս գործընթացն իրենից ենթադրում նոր ծախսեր․ բանկը տնտեսվարողից որոշակի գումար է գանձում, օրինակ՝ գնել ենք հարյուր դրամի ապրանք, տնտեսվարողից գանձվում է մեկից մինչև երեք տոկոս գումար։ Ինչ խոսք, ոչ բոլոր տնտեսվարողներ են պատրաստ նման ծախսեր կատարելուն, բայց փաստը մնում է այն, որ նրանք պետք է ունենան համապատասխան հնարավորությունները անկանխիկ առևտրի համար։ Այս պարագայում վաճառողը ստիպված է լինելու բարձրացնել ապրանքի գինը, որպեսզի մուծի այն ծախսերը, որոնք առաջացել են անկանխիկ գնումների հետևանքով։
Եթե երկու տնտեսվարող լինեն իրար կողքի ու նրանցից մեկը կարողանա առանց գնաճի վճարել իր հավելյալ ծախսերը, հետևաբար մարդիկ կօգտվեն առաջին տնտեսվարողի ծառայություններից, որի արդյունքում կտուժի երկրորդը։ Ցավոք, եղած գնաճին Կառավարությունն իր քայլերով ավելի է նպաստում։ Սրա հետևանքով կլինեն բազում սոցիալական խնդիրներ մի շարք բնագավառներում։











































