Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում տեղի է ունեցել Լիբիայի հարցով միջազգային շփման խմբի ու Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նիստը։ Նիստին մասնակցել են տասնյակ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում նաև ՄԱԿ-ը, ԵՄ-ը ու Արաբական երկրների լիգան։
Նիստը բացել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն. «Մենք պետք է գործենք ՄԱԿ ԱԽ-ի հետ մեկտեղ, հաստատենք իրավական շրջանակներ՝ Ազգային անցումային խորհրդին արտակարգ ֆինանսական օգնության տրամադրումը հեշտացնելու համար։
Հատկապես կարևոր է գտնել այնպիսի որոշում, որը հասարակական կազմակերպություններին հնարավորություն կընձեռի սառեցնել լիբիական հաշիվները։ Անհրաժեշտ է նվազագույնը 1.5 միլիարդ դոլար հատկացնել Լիբիայի Ազգային անցումային կառավարությանը»։
Հիշեցնենք, որ Լիբիայի հարցով միջազգային շփման խումբը ստեղծվել է այս տարվա մարտին՝ Լոնդոնյան կոնֆերանսից հետո։ Ավելի քան 40 անդամ կամ դիտորդ երկիր ունեցող այդ խումբը ցայժմ անցկացրել է 4 ժողով։ 5-րդ ժողովը պլանավորված էր սեպտեմբերին՝ Նյու Յորքում, սակայն Քադաֆիի ռեժիմի տապալման գործընթացի արագացման պատճառով Թուրքիան նախաձեռնեց օգոստոսի 25-ի Ստամբուլի այս ժողովը։









































