Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ամերիկյան այցը՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի շրջանակում, հանդիպումների ու շփումների առումով ստացվեց բավականին ներկայացուցչական: Նախարարը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ, հանդիպումներ տեղի ունեցան ԱՄՆ նախագահի օգնականի, նաև Միջազգային զարգացման գործակալության ղեկավար, ամերիկյան դիվանագիտության փորձառու ներկայացուցիչներից մեկի՝ Սամանթա Փոուերի հետ: Այցի ընթացքում ստորագրվեցին երկկողմ գործակցության փաստաթղթեր, միաժամանակ հանդիպումներ եղան նաև փորձագիտական հանրության հետ: Այդ ամենով հանդերձ, գլխավորը իհարկե այն է, թե ինչպիսին է լինելու ամերիկյան այցի կապիտալիզացիան հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարում, ինչպես է այն արտահայտվելու՝ ինչ կոնկրետ գործողություններով, նախաձեռնություններով, շոշափելի ինչ քայլերով: Հայ-ամերիկյան ներկայացուցչական շփումն ինքնին արդեն իսկ ունի որոշակի կոնկրետություն, անշուշտ, և այդ շփման արդյունք կարող է լինել ռեգիոնալ կայունության թեկուզ հարաբերական, նվազագույն մակարդակի ապահովումը և կովկասյան ռեգիոնն աշխպարհաքաղաքական դիմակայության ակտիվ, և առավել ևս ռազմական ակտիվության ռեժիմի չբերելը: Եթե հայ-ամերիկյան շփումը դրան ծառայում ու նպաստում է, իսկ այդպես դիտարկելու հնարավորություն կամ հիմքեր կան, ապա անշուշտ դա արդեն իսկ արդյունք է:
Մյուս կողմից սակայն, ԱՄՆ հետ գործակցությունը Հայաստանի համար ունի ոչ միայն ռեգիոնալ այդ մասշտաբի կարևորություն, այլ նաև ներքին կարողունակության բարձրացման ուղղված էական նշանակություն: Հետևաբար, հենց այստեղ է առանցքային, թե ինչպիսին կլինի այդ շփման, հաղորդակցության, քննարկումների կապիտալիզացիան արդեն Հայաստանի ներքին կյանքում: Օրինակ, ինչպիսի՞ն են լինելու ներդրումային հեռանկարները, ամերիկյան կապիտալի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում, մասնավորապես ենթակառուցվածքային, այսպես ասած համակարգաստեղծ նշանակության իմաստով: Ընդ որում, այստեղ պետք է դիտարկել ոչ միայն անմիջականորեն տնտեսական հարթությունները, ոչ միայն անմիջական տնտեսական արդյունքի միտված ծրագրերը, այլ նաև ծրագրեր, երկարաժամկետ նախաձեռնություններ, որոնք միտված են Հայաստանում ստանալ նաև արդիական աշխարհին համահունչ և համարժեք մտավոր արտադրանք, նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն մտածողության վերափոխմանը, մտածողության սահմանների ընդլայնմանը: Հատկապես հայաստանյան տեսանկյունից դա բազային նշանակության հարց է, որը առնչվում է ընդհուպ անվտանգության հեռանկարներին, քանի որ անկախության շրջանի մոտ երեք տասնամյակում հայկական խնդիրների խորքային պատճառներից մեկն էլ եղել է այն, որ Հայաստանում չի ձևավորվել համաշխարհային զարգացումներին համարժեք և համահունչ արդիական մտածողություն ոչ միայն հանրության, այլ նաև քաղաքական և փորձագիտական էլիտաների շրջանակում:







































