Քաղաքական իրավիճակը բավականին թեժ տրամաբանությամբ է ծավալվում ոչ միայն Հայաստանում: Յուրօրինակ «անհնազանդության» ակցիաներ են նաև միջազգային հարաբերություններում, որոնցից մեկն այս օրերին անսպասելիորեն ծավալվում է ռուս-իսրայելական հարաբերության դաշտում: Մասնավորապես, ՌԴ արտգործնախարար Լավրովի սկանդալային հայտարարությունից հետո կողմերը հնչեցնում են փոխադարձ կոշտ հայտարարություններ: Հիշեցնեմ, որ իր հարցազրույցներից մեկում Լավրովը խոսել էր այն մասին, որ Զելենսկին լինելով հրեա, ծառայում է ուկրաինական ազգայնամոլությանը: Լավրովը դա ասել էր ի պատասխան հենց Ուկրաինայի նախագահի հայտարարության, թե Ռուսաստանն իրեն՝ ազգությամբ հրեաին մեղադրում է Ուկրաինայում ազգայնամոլության համար:
Լավրովը հայտնել էր, թե՝ «եթե չի սխալվում, Հիտլերը նույնպես ուներ հրեական արմատներ, և ինչպես իմաստուն հրեա ժողովուրդն է ասում՝ ամենավառ հակասեմականները հենց հրեաներն են»: Լավրովի այդ հայտարարությունը դարձավ Իսրայելի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ: Իսրայելը ԱԳՆ-ը հրավիրեց Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանին, իսկ արտգործծնախարար Լապիդը հայտարարեց, որ հրեաների մասին այդ հայտարարությունները ռասիզմ են:
Հնչեց նաև Ռուսաստանի ԱԳՆ պատասխան արձագանքը: Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը «հակապատմական» է գնահատում Իսրայելի արտգործնախարարի խոսքերը, նշելով, որ պատմության դրվագներ կան, թե ինչպես են մի շարք հրեաներ գործակցել նացիստների հետ: «Դրա հետ մեկտեղ, պատմական ողբերգությունն այն է, որ, եթե Երկրորդ աշխարհամարտում որոշ հրեաներ այդ հանցագործություններին մասնակցել են հարկադրաբար, ապա իր արմատների հարցում սպեկուլյացիայով զբաղբող Զելենսկին անում է դա միանգամայն գիտակցաբար և կամավոր», ասված է ՌԴ ԱԳՆ արձագանքում:
Փաստորեն ստացվում է, որ Զելենսկին վեճ է «հրահրել» Իսրայելի և Ռուսաստանի միջև, թեև այստեղ իհարկե կա մի հանգամանք: Ի վերջո, այդ վեճը չէր լինի, դիվանագիտական սկանդալ չէր հասունանա, եթե Լավրովը Զելենսկուն արձագանքեր այլ կերպ: 2004 թվականից ՌԴ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող, մինչ այդ էլ դիվանագիտական աշխատանքի հսկայական փորձ ունեցող Լավրովը միթե՞ չէր պատկերացնում, թե ինչ հետևանք և արձագանք կունենա իր հայտարարությունը Իսրայելում: Միթե՞ այդքան կարևոր էր Զելենսկուն այդ կերպ պատասխանելը, եթե դրա «»գինը» կարող էր լինել Իսրայելի հետ սկանդալը: Իհարկե, կա հայտնի խոսքը, որ փորձառու աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը: Լավրովն ընկավ թակա՞րդը, թե՞ Զելենսկին առիթ է, իսկ Լավրովի պատասխանի բուն պատճառը ռուս-իսրայելական հարաբերությունում եղած խնդիրներ են, որոնք Լավրովի ելույթից հետո միայն հրապարակային դրսևորում ստացան, բայց ծավալվել էին ավելի վաղ ու առաջացրել այն լարումը, որն էլ դուրս հորդաց Զելենսկու «առիթով»:
Բարդ է ասել իհարկե: Համենայնդեպս, ՌԴ ուկրաինական ռազմարշավի առաջին փուլում Իսրայելի վարչապետը մի քանի շփում ունեցավ ՌԴ նախագահի հետ՝ հեռախոսով, անգամ այցելելով Մոսկվա, փորձելով դիվանագիտական միջնորդություն իրականացնել Կիևի և Մոսկվայի միջև: Արդյո՞ք դրա ընթացքում է հասունացել «վեճը»: Միևնույն ժամանակ, գուցե հիմք կա նաև հարցադրման, թե ռուս-իսրայելական դիվանագիտական բախման համատեքստում ինչ դեր ու նշանակություն ունի Իսրայելի ֆինանսների նախարար, իսկ նախկինում պաշտպանության նախարար Լիբերմանի օրեր առաջ տեղի ունեցած այցը Բաքու:
Բաքվում, ըստ տեղեկության, Լիբերմանը Ալիևի հետ քննարկել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին նավթի, կարբոնիտի, ցորենի մատակարարումների հարց՝ ռուսական մատակարարումները «փոխարինելու» համար: Սակայն, չի բացառվում, որ փորձառու, և հատկապես Ալիևի հետ պաշտպանության նախարար եղած ժամանակ աշխատանքի մեծ փորձ կուտակած Լիբերմանը Բաքվում քննարկել է նաև ռեգիոնալ և միջազգային ռազմա-քաղաքական նշանակության հարցեր, որոնք բոլորովին դուր չեն եկել, իսկ գուցե մտահոգել են Մոսկվային: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ իսրայելական մամուլը նախօրեին տեղեկություն տարածեց այն մասին, որ Մոսադի հետախուզությունը հենց Իրանում ձերբակալել է Հեղափոխության պահապանների կորպուսի մի ծառայակցի, որը կորպուսի պատվերով պետք է արտերկրում իրականացններ իսրայելցի դիվանագետի, ամերիկացի գեներալի, ինչպես նաև հրեական ծագմամբ ֆրանսիացի մի լրագրողի սպանություն: Թե ի՞նչ նպատակով էր Իրանի հեղափոխությունների պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանումը պլանավորել այդ սպանությունները, իսրայելական աղբյուրները գոնե առայժմ չեն նշում: Այդ ամենն իր հերթին ուշադրության է արժանի Չինաստանի պաշտպանության նախարարի Իրան այցի, ինչպես նաև Սպիտակ տան խոսնակի այն հայտարարությունների ֆոնին, որ Վաշինգտոնին մտահոգում են փորձագետների գնահատականները, թե երկու-երեք շաբաթ անց Իրանը կարող է ունենալ միջուկային սպառազինություն: Այդ ամենի ֆոնին ծագում է ռուս-իսրայելական դիվանագիտական սկանդալը, որի ծավալումը կարող է ավելացնել հարավկովկասյան ռեգիոնի մարտահրավերները:







































