Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդում է հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհ գնացած 1,5 միլիոն հայերին և աջակցություն հայտնելու հայ ժողովրդին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը հանձնառու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանն ամբողջ աշխարհում, և դա նաև ենթադրում է նման դեպքերի կրկնության բացառումը: «Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը մենք համարում ենք շատ ազդեցիկ և կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ այդ ճանապարհին: Այդ հայտարարությունների կարևորությունը նրանում է,որ մենք այդ հայտարարություններով ճանաչում ենք 1915 թվականին տեղի ունեցած պատմական փաստը»,-ասաց դեսպանը: