Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երրորդ տեղը գրաված ձախակողմյան քաղաքական գործիչ Ժան-Լյուկ Մելանշոնն ակնկալում է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ստաձնել վարչապետի պաշտոնը: Այդ մասին Մելանշոնը ասել է BFM ֆրանսիական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում:
«Խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան նախագահական ընտրությունների յուրօրինակ ամփոփում և երրորդ փուլ», – հայտարարել է Մելանշոնը: Ավելի վաղ գործող նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, թե երկրորդ փուլում հաղթելու դեպքում ինքը կարող է ձախ ուժերի ներկայացուցչին վստահել կառավարության ձևավորումը:
Ապրիլի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով պայքարը երկրորդ փուլում շարունակելու են Մակրոնը և ազգայնական լիդեր Մարին Լը Պենը: Ենթադրվում է, որ Մելանշոնի աջակիցների մոտ 35 տոկոսը կքվեարկի Մակրոնի օգտին, իսկ 27 տոկոսը՝ Լը Պենի: Մելանշոնն աջակիցներին կոչ է արել քվե չտալ Լը Պենին:








































