Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էննդրյու Շեֆերը: Նրա այցը հաջորդում է Ֆրանսիացի համանախագահ Ռոքֆոյի այցին, իսկ այդ այցերն էլ հաջորդեցին Ռուսաստանի արտգործնախարարի այն հայտարարությանը, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան հրաժարվում են Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ՌԴ հետ աշխատելուց: Ավելին, Ռուսաստանն այդ առնչությամբ օրերս հայտարարեց նաև, որ համանախագահ Իգոր Խովաևին տալիս է արտգործնախարար Լավրովի հատուկ ներկայացուցչի կարգավիճակ, որը կաշխատի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի միջնորդությամբ: Իսկ ի՞նչ աշխատանք են կատարում ամերիկացի և ֆրաբսիացի համանախագահները: Եթե նրանք աշխատում են Ռուսաստանից առանձին, ապա ինչու՞ այդուհանդերձ ռեգիոն են ժամանում նաև միմյանցից առանձին: Սա հիմք է տալիս խոսելու այն մասին, որ ամերիկացի ոււ ֆրանսիացի համանախագահները աշխատում են նաև միմյանցից, ոչ միայն Ռուսաստանի համանախագահից առանձին: Այլ կերպ ասած, եռանախագահ երկրներից յուրաքանչյուրը զբաղված է իր գործով:
Նրանք բոլորն էլ հայտարարում են, որ պատրաստ են աջակցել խաղաղությանը, որ դա է նրանց գործի նպատակը, թեև այդ դեպքում էլ հարց է, թե ինչու՞ դա չեն անում միասին, եթե երեքն էլ նույն բանն են ուզում՝ ինչպես հայտարարում են: Նշանակում, որ նրանք ուզում են տարբեր բաներ, այսինքն նրանց հրապարակային հայտարարությունները մեղմ ասած հեռու են իրական մոտիվներն ու նպատակները արտահայտելուց:, եթե անգամ՝ մրցակցությունը հենց խաղաղության «կառավարիչ» լինելու համար է: Ամբողջ հարցն այն է, որ նրանցից որևէ մեկը չունի այդ կարգավիճակը միանձնյա իրացնելու գործնական, ամբողջական հնարավորություն, հետևաբար ստացվում է իրավիճակ, երբ համանախագահ եռյակը աշխուժորեն զբաղված է ոչ թե ինչ որ բան կառուցելու, այլ ավելի շուտ մեկը մյուսին խանգարելու գործով:
Երկրորդական չէ իհարկե, թե ով ում է ավելի շատ խանգարում, բայց հարցն այն է, որ այդ աշխատանքը անխուսափելիորեն կատարվելու է կամ Հայաստանի կամ Ադրբեջանի հաշվին: Ըստ այդմ, տվյալ համատեքստում առաջանում է նաև մեկ այլ հետաքրքիր հարց՝ Հայաստան ժամանող ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները մեկնելու՞ են Բաքում, եթե ոչ՝ ինչու՞, որովհետև Ալիևը չի՞ ընդունում նրանց, թե՞ որովհետև «խանգարելու» միջոց դիտարկում են միայն Հայաստանը, քանի որ Ադրբեջանը այսօր՝ ուկրաինական դիմակայության համատեքստում թե Արևմուտքի, թե ՌԴ համար ստացել է «ցանկալի» գործընկերոջ կարգավիճակ:












































