Հայաստանի և Արցախի համար բախտորոշ իրավիճակներում համազգային կոնսոլիդացիայի մասին խոսակցությունները «բարի ավանդույթ» են, թեև ունեն մի էական թերություն՝ դրանք առարկայական կամ մոդելավորված չեն, հետևաբար, կամա, թե ակամա վերածվում են բարի ցանկության ու կենացի: Մինչդեռ, միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ Հայաստանի, Արցախի, ընդհանրապես հայության համար կարևորագույն խնդիրների, հայկական պետականության հարատևության և այլ մարտահրավերների լուծումները կարող են լինել միայն համահայկական ներուժի առավելագույն ընդգրկումով: Բայց, այդ ամենը պահանջում է մեթոդաբանություն, մոդելավորում, որովհետև «բոլորս միասնական» լինեն արտահայտությունը կախարդական բառ չէ, որն արտասանելուց հետո ազգը դառնում է միասնական: Ընդհանրապես, ազգերն այդ առումով միասնական դառնում են միայն ֆիզիկական վտանգի, ոչնչացման վտանգի պարագայում, ընդ որում՝ նույնիսկ այդ պարագայում միշտ լինում են այլ կերպ մտածող ու գործող շրջանակներ:
Հետևաբար, անհրաժեշտ է առավելագույնս շատ մտածել համահայկական ներուժի ՕԳԳ-ն բարձրացնելու մոդելների, մեթոդաբանության, գաղափարական ուղենիշների մասին, և հնարավորինս քիչ խոսել միասնականության կամ համազգային կոնսոլիդացիայի մասին, որովհետև միևնույն է չի լինելու այդ կոնսոլիդացիան: Չի լինելու ոչ թե որովհետև մենք վատն ենք, ի տարբերություն որևէ այլ ազգի կամ ժողովրդի, կամ հանրության, այլ որովհետև չկան այդպիսի միասնականության կամ կոնսոլիդացիայի նախադրյալներ, ու դա օբյեկտիվ իրողություն է:
Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը գոնե նվազագույն հարցում պետք է կարողանան ձևավորել գերակշռող մի մոտեցում՝ ճանաչել տարբեր խմբերի, տարբեր միավորների, տարբեր շերտերի այսպես ասած տարբերությունները, այլ կերպ մտածելու, խորհելու, իրականությունն այլ կերպ գնահատելու կամ պատկերացնելու օբյեկտիվ իրողությունն ու «իրավունքը», կամ այլ կերպ ասած՝ ճանաչել միմյանց, ընդունել միմյանց, և ձեռնմուխ լինել միմյանց հետ կոնկրետ հարցեր քննարկելու: Իսկ այստեղ թերևս առավել գործուն միջոց կարող են լինել ոչ թե քաղաքական կուսակցություններն ու խմբերը, թե օբյեկտիվ, թե զգալիորեն սուբյեկտիվ պատճառներով, այլ թերևս մասնագիտական միավորումները: Նախ, այդ միավորումներն ունակ կլինեն կանգնել քաղաքական հայացքներից և համակրանքներից վեր, և բացի այդ դրանք ունակ կլինեն քննարկել հարցերն առավելագույնս կոնկրետ, առարկայական, առանց ավելորդ քնարականության:
Իհարկե անկասկած է նաև, որ Հայաստանի այսպես կոչված քաղաքական դաշտը անցնող մոտ երեք տասնամյակի ընթացքում իր արատներով «վարակել» է մասնագիտական շատ շրջանակների, բարձրորակ, մեծ ներուժ ունեցող տարբեր ոլորտային մասնագետների վերածելով ընդամենը քաղաքական կանյուկտուրայի սպասարկումների, բայց, այդուհանդերձ, հայկական պետականության ճակատագրում բեկումնային դեր խաղալու առավել մեծ ներուժ պահպանվում է թերևս այդ դաշտում, որն իհարկե ունի կազմակերպման կամ ինքնակազմակերպման անհրաժեշտություն: Միևնույն ժամանակ, իհարկե կարևոր է մոտիվացվածությունը, ներքին մղումը, առաջնահերթությունների և արժեհամակարգի հարցը, որովհետև հնարավոր չէ ստիպել մարդուն ստանձնել հանրային վերափոխումների պատասխանատվություն ու առաքելություն: Եվ գուցե համոզել անգամ հնարավոր չէ, եթե չկա այդ ներքին մղումն ու մոտիվը:
Լուսանկարը՝ panorama.am-ի








































