Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ազադլըղ» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, որ Ադրբեջանն Իրանից պաշտպանված է ԱՄՆ-ի շահերով, նավթային ընկերություններով ու ներդրումներով։
Դրա հետ մեկտեղ, Գուլուզադեն քննադատել է ադրբեջանական իշխանություններին՝ ընդգծելով, որ Արևմուտքի աջակցությունը ստանալու համար Բաքուն պատրանք է ստեղծում, թե դիմակայության մեջ է գտնվում իրանական ագրեսիայի հետ.
«Ադրբեջանի իշխանությունները, չարաշահելով Ադրբեջանում իսլամական հեղափոխություն իրականացնելու Իրանի մտադրությունը, փորձում են Արևմուտքին համոզել, որ պետք չէ Բաքվից պահանջել ժողովրդավարություն, քանի որ նա կանգնած է իսլամական հեղափոխության վտանգի առջև։
Մինչդեռ որպեսզի Ադրբեջանն իրեն ապահովագրի Իրանի հարձակումից, նա պետք է Թուրքիայի հետ մտնի համադաշնության մեջ։ Անհրաժեշտ է Թուրքիայի հետ կնքել ռազմական համաձայնագիր, ինչից հետո երկու երկրները պետք է միավորվեն համադաշնության մեջ։
Մեկ այլ բան Ադրբեջանին անհրաժեշտ չէ։ Դա կլինի Իրանին հասցեագրված ուղերձ, որպեսզի նա այլևս չսպառնա Ադրբեջանին, հակառակ դեպքում կբախվի թուրք-ադրբեջանական համատեղ հակազդեցությանը»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ու Իրանի միջև որոշակի լարվածություն է առաջացել՝ կապված Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադիի հակաադրբեջանական հայտարարության հետ։









































