Դատարաններում գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի առեղծվածային բանալիները դեռևս Դատական դեպարտամենտ չեն հասել։ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները Դատական դեպարտամենտ 21.03.2022 թվականի ժամը 18:00-ի դրությամբ դեռևս չեն վերադարձվել:
«Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ՝ Դատական դեպարտամենտն ամենօրյա ռեժիմով աշխատանքներ է իրականացնում համակարգի վերագործարկման նպատակով:
Գործընթացի վերաբերյալ թե՛ Դատական դեպարտամենտը, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդն ավելի մանրամասն տեղեկություն այս պահի դրությամբ տրամադրել չեն կարող: Հավաստիացնում ենք, որ մեր լիազորությունների շրջանակում ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը՝ դատական գործերի մակագրումներն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հնարավորությունն օր առաջ վերսկսելու համար»,- նշված է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Հատկանշական է, որ դեռևս մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։
Քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»։
Ըստ էության, երկու պետական մարմինների հայտարարությունները միմյանց հակասում են՝ դատախազությունը պնդում է, որ ատռգրավված բանալիները վերադարձվել են և քրեական գործերի մակագրման համակարգը կարող է գործարկվել, իսկ ԲԴԽ-ն պնդում է, որ չի ստացել բանալիները:
Այս առնչությամբ Գոռ Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հարցն այն է, թե ունի՞ արդյոք հնարավորություն դեպարտամենտը գործարկելու այդ համակարգը, թե ոչ: Փորձագիտական եզրակացությամբ, այո, դա հիմա հնարավոր է իրականացնել, ինչը գրությամբ հավաստվել է, ինչով պայմանավորված էլ ասել ենք, որ քրեական գործի հետագա շարունակումը, փորձագիտության հետագա իրկանացումը այլևս որևէ խոչընդոտ չէ էլեկտրոնային բաշխման համակարգը գործարկելու համար: Հետևաբար, այդ գրությունն ուղարկելու պահից սկսած տեխնիկական, իրավական առումով որևէ խոչընդոտ, որևէ խնդիր առկա չէ:
Թե ինչ նյութական դրսևորում ունի այդ կոդեր ասվածը, բանալիներ ասվածը, ես դա չեմ մեկնաբանելու, որովհետև այն փաստաթուղթը, որը ես հրապարակել եմ, այդտեղ հանգամանալից նշված են բոլոր տվյալները, ինչն անհրաժեշտ է համակարգը գործարկելու համար, դա գաղտնիության էլեմենտ է պարունակում, և ես որևէ մեկնաբանություն չեմ անելու: Մենք շարունակում ենք պնդել, որ այդ համակարգը հնարավոր է գործարկել այսօրվա պայմաններում՝ անկախ նրանից, թե այդ կոդեր ասվածն իրենից ինչ է ներկայացնում: Թույլ տվեք ավել փակագծեր չբացել»:
Հարցին, թե այդ դեպքում ինչու է ԲԴԽ-ն բոլորովին այլ հայտարարությամբ հանդես գալիս, նա արձագանքեց. «Ես չեմ կարող մեկնաբանել, իրենք ինչ-որ կոդեր, բանալիներ ստանալ-չստանալու վրա են շեշտադրում անում, մինչդեռ մենք ասում ենք, որ այս պահի դրությամբ այդ համակարգը գործարկել հնարավոր է և քրեական գործով շարունակվող քննությունը, փորձաքննությունը, որոնք մինչև մեր գրություն ուղարկելու պահը հանդիսանում էին այդ համակարգը չգործարկելու միակ պատճառը, այլևս գոյություն չունի որպես պատճառ: Համակարգը կարող է գործարկվել և տեխնիկական, և իրավական իմաստներով:
Իսկ ԲԴԽ-ի հայտարարությունները թույլ տվեք չմեկնաբանել»:








































