Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Եգիպտոսի համար նախատեսված 2 միլիարդ դոլար օգնությունը կարող է չտրամադրվել, եթե արաբական այդ երկիրը խախտի Իսրայելի հետ խաղաղության մասին պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է mignews.com-ը` հղում անելով կոնգրեսմեն Քեյ Գրեյնջերի խոսքերին, ով մասնավորապես ասել է. «ԱՄՆ օգնությունը Եգիպտոսին հիմնված է Իսրայելի հետ խաղաղության պահպանման սկզբունքի վրա: Ներկայումս Եգիպտոսի հետ կապված 2 խնդիր կա. առաջինը Իսրայելի հարաբերություններն են, երկրորդը` Եգիպտոսում սպասվող ընտրությունները»:
Հիշեցնենք, որ իսրայելական ուժերը պատահաբար սպանել էին եգիպտացի 5 ոստիկանների, ինչը դժգոհություն էր առաջացրել Կահիրեում: Մի խումբ ցուցարարներ հավաքվել էին Կահիրեում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ` պահանջելով արտաքսել այդ երկրի դեսպանին, իսկ Եգիպտոսի կառավարությունը Իսրայելից պահանջում է պատժել իրենց ոստիկաններին սպանած զինվորականներին:









































