Արաբագետ Արաքս Փաշայանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով Սիրիայում կատարվող իրադարձություններին, նշեց, որ չնայած իշխող վարչակարգը Սիրիայում շարունակում է վերահսկել իրավիճակը, սակայն հասարակության մեջ առկա երկփեղկվածությունը չի նպաստում երկրում ներքաղաքական իրադրության կայունացմանը:
Փաշայանը, սակայն, հետաքրքրական համարեց այն հանգամանքը, որ իրավիճակը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում և Հալեպում շարունակում է մնալ զգալիորեն կայուն: Փաշայանը նաև ընդգծեց, որ վերլուծաբաններից շատերի կարծիքով Սիրիայի հարցում միջազգային ճնշումները ներկա փուլում չեն կարող արմատական բեկում մտցնել այդ երկրի ներքաղաքական կյանքում կամ էլ հանգեցնել Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալմանը, սակայն ներքաղաքական անկայունության շարունակականությունը, բանականաբար, կարող է նպաստել ճգնաժամի ընդլայնմանը և Սիրիայի շուրջ միջազգային լարվածության պահպանմանը կամ գուցե` խորացմանը. «Առանձին տեղեկությունների համաձայն` սիրիական ընդդիմության որոշ շրջանակներ շարունակում են զենք ստանալ հարևան Իրաքից, բացի այդ օրեցօր մեծանում է դասալիքների թիվը»:
Այդուամենայնիվ, Արաքս Փաշայանի գնահատմամբ` Սիրիայի վարչակարգի հնարավոր հրաժարականը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի վրա. «Ալ-Ասադի հրաժարականը կարող է երկիրը դնել ոչ թե զարգացման և ժողովրդավարացման ուղու վրա, այլ, ընդհակառակը, հանգեցնել անիշխանության և քաոսի, ինչպես դա եղավ Իրաքում` Սիրիան նույնպես դարձնելով միջազգային տարբեր ուժերի ներգրավվածության ասպարեզ: Հավանաբար, հենց այս սցենարից են խուսափում Սիրիայի իշխանությունները: Պատահական չէ, որ նախագահ Ալ-Ասադն իր երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամն ավելի շատ համարում է արտաքին դավադրության արդյունք»:
Արաբագետը Սիրիայում կատարվող զարգացումներում հատկանշական համարեց այն հանգամանքը, որ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ միջազգային հանրության խիստ դիրքորոշումը որոշակիորեն հավասարակշվում է Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումներով, որոնք առայժմ չեն պատրաստվում ՄԱԿ-ի ԱԽ-ում հակասիրիական բանաձևին կողմ քվեարկել` նման մոտեցումը փաստարկելով լիբիական նախադեպից խուսափելու անհրաժեշտությամբ, համարելով նաև, որ Սիրիայում իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության հնարավորությունը չի սպառվել. «Միջազգային ասպարեզում Սիրիային աջակցելու հարցում ոչ պակաս կարևոր է Իրանի գործոնը: Թեհրանը զգուշանում է Սիրիայում սուննի իսլամիստների հնարավոր իշխանության գալու հանգամանքից, որի դեպքում կկորցնի Մերձավոր Արևելքում ունեցած իր կարևորագույն հենակետերից մեկը: Առհասարակ, տարածաշրջանում Իսրայելին հակազդող հանգուցային երկրներից մեկի` Սիրիայի դիրքերի թուլացումը շահեկան է միջազգային և տարածաշրջանային առանձին ուժային կենտրոնների համար»:











































