Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ղեկավարության ժամանակ վկան եղանք մի շարք համարձակ որոշումների, որոնց մեջ կան բավականին և՛ ժամանակակից, և՛ այսօր աշխարհում տարածում գտած լուծումները Հայաստան բերելու ցանկություններ: Եղանք բավական բաց մտածողության վկան, բայց դրանց իրականացման փուլում, կարելի է ասել, եղան մի շարք բացթողումներ: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:
Նրա խոսքով, այդ բացթողումները լավագույնս արտահայտվեցին օմբուդսմենի հայտարարության մեջ, որտեղ ասվում է, որ հանրային կառավարման մեջ ոչ միշտ է արդյունքն այնքան կարևոր, որքան գործընթացը և նպատակին հասնելու միջոցները, տարբեր կողմերի շահերը հաշվի առնելը:
«Հետահայաց հայացքով նայելու դեպքում, եթե այդ որոշումները, ավելի հասկանալի լինեին ու մտահղացումից մինչև իրականացումը ավելի բաց կյանք ունենային, իրենք ավելի բաց ու ճիշտ որոշումներ կլինեին՝ և՛ տրանսպորտում կատարված փոփոխությունները, և՛ կանաչապատման, և՛ շենքերի ներկումները կլինեին ճիշտ մտածված ու քաղաքի շահերին համապատասխան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ինչպես միշտ, արդի կառավարման համակարգում այդ որոշումները կատարվեցին հապշտապ:
Նրա խոսքով, քաղաքաշինության ոլորտում, սակայն, որևէ գոհացուցիչ գործընթաց ինքը չի տեսնում, թեև քաղաքի կառավարումը մի քանի անգամ ավելի բարձր մակարդակով է կատարվում, քան նախկինում, բայց քաղաքաշինության ոլորտի համար նույնն ասել չի կարող:
«Փաստորեն, քաղաքապետի բոլոր խորհրդատու ճարտարապետները, քաղաքաշինության մասնագետները կոմպետենտ չեն, այսինքն՝ ներկայացնում են վերջին 10 տարվա մեջ կոռումպացված ոլորտի մասնագետներին»,- ընդգծեց ճարտարապետը: Նրա խոսքով՝ քաղաքապետն այսօր վստահում է այնպիսի մարդկանց, որոնց ոչ միայն պետք չի լսել, այլև ոլորտին մոտ թողնել:
«Շենքերի խայտաբղետ գույները, «Հանրապետության» մետրոն, գմբեթը, այդ մասնագետների ձեռքի գործն է, որոնք փորձում են այս կերպ ազատել իրենց ձեռքերն ապագա վնասակար գործողությունների համար»,- եզրափակեց խոսքը Ս. Պետրոսյանը:









































