Հետխորհրդային երկրներում ԱՄՆ կառուցած կենսաբանական լաբորատորիաները սպառնալիք են Ռուսաստանի համար: Այդ միտքն ու թեման վերստին շրջանառել է ՌԴ ԱԳՆ-ն, խոսնակ Մարիա Զախարովայի միջոցով: Թեման բացվեց նախօրեին, երբ ՌԴ ՊՆ-ն տարածեց հայտարարություն, թե ԱՄՆ-ը հրահանգել է ուկրաինացիներին ոչնչացնել կենսաբանական լաբորատորիաների նյութերը, որպեսզի դրանք չհայտնվեն ռուսական վերահսկողության ներքո: Ռուսական կողմը հայտարարել է, թե այդ լաբորատորիաներում իրականացվել են մշակումներ, որոնք կարող են ներկայացնել վտանգ պատերազմական գործողությունների հետևանքով: Եվ ահա, ՌԴ ԱԳՆ-ն «վերցրել» է թեման և վերստին բարձրաձայնել այն հետխորհրդային տարածքի համատեքստում:
Մոսկվան այդ թեման բարձրաձայնել է նաև նախկինում: Մասնավորապես, 2017-18 թվականներին դրա առնչությամբ ակտիվ քննարկումներ էին հայ-ռուսական տիրույթում, երբ Երևանը հայտարարեց, որ պատրաստ է ռուսական փորձագետներին տալ լաբորատորիաներ մուտքի իրավունք, որպեսզի նրանք համոզվեն, որ դրանցում չի ծավալվում կենսաբանական որևէ սպառնալիք և այդ լաբորատորիաները աշխատում են միմիայն հանրային առողջության անվտանգության ապահովման ուղղությամբ: Կենսաբանական այդ լաբորատորիաները կառուցվել են ԱՄՆ աջակցությամբ, սակայն Հայաստանի սեփականությունն են: Այդպիսի լաբորատորիաներ կառուցվել են հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, Ղազախստան: Ռուսաստանի համար թեման անկասկած հետխորհրդային երկրների հանդեպ «հավելյալ ճնշման միջոց» է:
Ինչու՞ է այդ միջոցը բարձրաձայնվում այժմ, դա պայմանավորված է լոկ ուկրաինական իրավիճակո՞վ, թե՞ Ռուսաստանը ունի այլ քաղաքական մտադրություններ, կապված թե այդ իրավիճակի հետ, և թե ընդհանրապես: Բոլոր դեպքերում, շատ կարևոր է, որպեսզի խնդիրը լինի Հայաստանի համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում և արվեն կամ ծրագրվեն անհրաժեշտ քայլեր ու մոտեցումներ, որոնք Հայաստանը կապահովագրեն լաբորատորիաների «միջոցով» որևէ կերպ թիրախավորվելու ռիսկից: Ընդ որում, դեռևս 2016-ից քննարկվում է այդ առնչությամբ հայ-ռուսական համաձայնագրի հարց, ըստ որի Ռուսաստանը ունենալու էր իր համար այդ լաբորատորիաների անվտանգության հարցում համոզվածության գործնական լծակներ: Սակայն, համաձայնագրի ստորագրում կարծես թե այդպես էլ չեղավ, այդ թվում նաև 2018-ի իրադարձություններից հետո, երբ թեման ակտիվացել էր վերստին:







































