Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 21-ին բացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ, որը երևանցիներին խոստանում է վերջինը չլինել։ Այսուհետ յուրաքանչյուր կիրակի հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառին և երևանյան սպառողին ներկայացնելու սեփական արտադրանքը` համեմատաբար ցածր գներով։
Ի թիվս բազմաթիվ այցելուների` տոնավաճառի ընթացքին հետևել է նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` փոխնախարարների, նախարարության այլ աշխատակիցների, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ: Տոնավաճառն ուղեկցվել է տոնական համերգով։
«Մեր նպատակն առևտրում նոր մշակույթ մտցնելն ու գյուղացի-քաղաքացի շփումը վերականգնելն է: Այդ իսկ պատճառով ցանկացել ենք, որ տոնավաճառը լինի ոչ միայն գնումներ կատարելու, այլև հաճելի ժամանցի վայր»,- նշել է Սերգո Կարապետյանը` միաժամանակ անդրադառնաով որոշ գնորդների դժգոհություններին: Քաղաքացիների դժգոհությանն ի պատախան, որ ապրանքը սպառվել է բավականին շուտ, և շատերը չեն հասցրել գնումներ կատարել, նախարարը խոստացել է, որ հաջորդ շաբաթվանից և՛ գյուղմթերքի քանակն ու տեսականին կմեծացվի, և՛ գների վրա վերահսկողությունը կուժեղացվի:
Իսկ տոնավաճառին ներկայացված տեսականին մեծ է եղել` կաթնամթերք, պտուղ-բանջարեղեն, մեղր։ Տոնավաճառի մասնակիցներին կազմակերպիչների կողմից անվճար տրամադրվել են հարմարավետ տաղավարներ, վրաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ՝ ապահովելով քաղաքակիրթ առևտրի համար անհրաժեշտ պայմաններ։
Նշենք, որ տոնավաճառին միայն գյուղմթերք արտադրողների մասնակցությունն ապահովելու և միաժամանակ միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով` կազմակերպիչները ձեռնարկել են հատուկ ընթացակարգեր: Կարգուկանոնի պահպանման ու առհասարակ կազմակերպչական հարցերում օգնել են Ագրարային համալսարանի ուսանողները, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունն ու ոստիկանության Արաբկիրի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները:









































