Ռուսական օպերացիայի 11-րդ օրն է։ Մենք դեռ որևէ կերպ մեր մաշկի վրա չենք զգում Ռուսաստանի նկատմամբ բանեցվող պատժամիջոցները։ Ռուսական տնտեսության անկումն աներկբայորեն հանգեցնելու է Հայաստանի համար ևս ծանր տնտեսական հետևանքների։ Եթե պաշտոնական Երևանը չվարի հեռատես ու մտածված քաղաքականություն, եթե չձեռնարկի հրատապ միջոցներ ու տնտեսական ու քաղաքական անվտանգության բուֆեռներ չձևավորի բոլոր ուղղություններով՝ ապա հարվածը լինելու շատ կոշտ, կարծես առանց ամրագոտին ամրացնելու բախվեց մեքենայով բետոնի պատին։ Ապա որտեղ է մեր ամրագոտին էլ, անվտանգության բարձիկն էլ։
Ինչպե՞ս ենք զսպելու Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական մեկուսացման հետևանքները մե՛ր երկրի վրա։ Մենք չունենք ահռելի ռեզերվներ, մեր թիվ մեկ տնտեսական գործընկերն էլ, ներդրողն էլ Ռուսաստանն է։ Նեղն ընկած տնտեսությամբ Ռուսաստանը նվազագույնի է հասցնելու իր ներդրումների ծավալը, կրճատելու է իր ենթակայության տակ գտնվող հայկական ռազմավարական ընկերությունների աշխատակիցների քանակը, նվազեցնելու աշխատավարձերն ու բարձրացնելու է էներգակիրների գները՝ իր երկորւմ եղած խնդիրները մեղվելու համար։ Սա դեռ փաստ չէ, բայց չափազանց հավանական սցենար է։
Հոսանքի գինը թանկացավ 5,7 դրամով, գազի գնի թանկացման մասին խոսում են անդադար, ռուսական կապիտալով հարյուրավոր ընկերություններ են գործում Հայաստանում, անգամ երկաթգիծն է ռուսական։ Հիմա ինչ, երկաթգծի հայտարարված լայնածավալ շինարարությունը կասեցվելո՞ւ է։ Որևէ մեկը պատասխան չունի։
Այդ ամենի ֆոնին Պուտինն ու Ալիևը ձեռք են սեղմում միմյանց հանդիպելիս, բայց Բաքվում բազմահազարանոց հանրահավաքներ են տեղի ունենում՝ ի պաշտպանություն ու հաջակցություն ուկրաինական ժողովրդի։ Որևէ մեկը բերման չի ենթարկվում, նշանակում է, որ դա Բաքվի չհայտարարված, բայց պաշտոնական դիրքորոշումն է, հակառակ դեպքում ո՞վ էր թույլ տալու Բաքվում ինքնագլուխ տասնյակ հազարներով մարդիկ հավաքվեն ու միտինգ անեն։
Անկարան ևս ճկուն է վարվում։ Այս իրավիճակում Մոկսվայից բոլորն են ուզում առավելագույնը պոկել, որովհետև հասկանում են․ ավելի թույլ Մոսկվան դեռ երբեք չի եղել։ Ապա ի՞նչ դիրքում է Հայաստանը։











































