Ռուսաստանը հույս ունի Անդրկովկասում «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հնարավորինս շուտ գործարկման, սակայն արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, այդ գործընթացը խոչընդոտելու փորձեր են անում, երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ցանկությունը՝ խանգարել որոշ գործընթացների», – նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը, փորձելով կանխել բանակցային մեխանիզմի գործարկումը, ապատեղեկատվություն է տարածում՝ Մոսկվային վերագրելով այդ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը։
Զախարովան հիշեցրել է, որ նման մեխանիզմ ստեղծելու գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
Շաբաթասկզբին Վրաստան այցի ժամանակ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մասնավորապես հայտարարել է․ «Մինչև որևէ նոր հարթակի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնակցել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի պայմանագիրը»։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Մարիա Զախարովայի հայտարարությունը շատ կարևոր է հայ հասարակության համար․ «Որպեսզի հասկանան՝ ով է հայ ժողովրդին բարեկամ, ով՝ թշնամի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Գրիգորյանի՝ 3+3-ը թշնամական նախագիծ է և դեմ է հայ ժողովրդի շահերին․ «Սա նշանակում է, որ արևմուտքը մեր բարեկամն է։ Եթե 3+3-ը իրականանա, ակնհայտ է, որ մոտ ժամանակահատվածում մենք կունենանք տարածքային կորուստներ։ Այդ ձևաչափում գերիշխող կլինեն Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։ Թե ինչով դա կավարտվի հայ ժողովրդի համար՝ հասկանալի է։ Քանի որ Մարիա Զախարովան բացահայտեց, որ արևմուտքը դեմ է՝ ուրեմն արևմուտքը հայ ժողովրդի բարեկամն է։ Այլ հարց է, թե ինչու է Ռուսաստանը թշնամական քաղաքականություն վարում հայ ժողովրդի նկատմամբ։Անկեղծ ասեմ՝ այդ հարցին պատասխան չունեմ։ Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը հետևողականորեն գործում է մեր դեմ։ Ես չէի պատկերացնում, որ իրենց վատ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ այդքան կխորանա»։
Հարցին, թե գործնականում ի՞նչ կարող է անել արևմուտքը, որ 3+3-ը իրականություն չդառնա, Ստեփան Գրիգորյանն արձագանեց․ «Շատ քիչ հավանական է, որ այդ ձևաչափը իրականան, եթե արևմուտքն ու Իրանը դեմ լինեն։ Դուք գիտեք, որ դեմ է Վրաստանը, տատանվում է Հայաստանը։ Պարզ է սակայն, որ Հայաստանն էլ է դեմ, բայց այդ մասին չի բարձրաձայնում։ Ես խորհուրդ կտամ կառավարությանը բացահայտ ասել, որ մենք այդ նախաձեռնությանը դեմ ենք։ Իրանն էլ հիացած չէ այդ Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի հեռանկարից։ Իրականացման հավանականությունը շատ քիչ է, սակայն շատ կարևոր է, որ դրան հստակ դեմ է արտահայտվում արևմուտքը»։










































