Օգոստոսի 9-ին ձերբակալված ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք մինչև վաղը Վերաքննիչ դատարան դիմելու ժամանակ ունեն և այսօր մինչև օրվա վերջն, ամենայն հավանականությամբ, կներկայացնեն իրենց դիմումը: Էլբակյանը նշեց, որ իրենց այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ խափանման միջոցը կալանքն ընտրելը, իրենց կարծիքով, հիմնավորված չէր:
Փաստաբանը նշեց, որ այժմ դիմելու են Վերաքննիչ դատարան՝ տղաների խափանման միջոցը գրավով փոխարինելու համար. «Մենք այն ժամանակ էլ առաջարկեցինք կալանավորումը գրավով փոխարինել և բավականին լուրջ թվեր էինք առաջարկում, սակայն Առաջին ատյանի դատարանը նման որոշում կայացրեց, որը հիմնավորված չէ»: Էլբակյանը հույս հայտնեց, որ այս անգամ իրենց դիմումը կընդունվի, և տղաները ազատ կարձակվեն:
Վարդուհի Էլբակյանը անդրադարձավ նաև իր պաշտպանյալի` Տիգրան Առաքելյանի առողջական վիճակին: Նա նշեց, որ Տիգրանը սուր գլխացավեր ունի, ինչպես նաև ոտքն է վնասված: Փաստաբանը տեղեկացրեց, որ բժշկական հետազոտությունը Տիգրանի մոտ բազմաթիվ սալջարդեր է հայտնաբերել, ինչի հետևանքով էլ նա ուժեղ ցավեր ունի: Վ. Էլբակյանի փոխանցմամբ՝ ինքը միջնորդություն է ներկայացրել՝ Տիգրանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:








































