Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը, դրանից հետո ՌԴ Լավրովի հայտարարությունը 3+3 ռեգիոնալ ձևաչափի շուրջ քննարկումների մասին, իսկ իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Լավրովի հեռախոսազրույցը ակնառու կերպով վկայում են մեր ռեգիոնում ծավալվող ռազմա-քաղաքական, աշխարհաքաղաքական իրադարձությունների խտությունը: Այդ ֆոնին առավել քան ակնառու է դառնում այն ներքաղաքական ծանծաղը, որ առկա է Հայաստանում: Այն, ինչ տեղի է ունենում կովկասյան ռեգիոնում, որտեղ իրադարձությունները բավականին արագ ծավալվում են արդեն թերևս Իրանի շուրջ՝ էապես շոշափելով նաև Հայաստանի շահերը, Հայաստանի քաղաքական կյանքի մասնակիցներից պահանջում է քաղաքական մտքի համարժեք արագությամբ գեներացիա, քաղաքական գաղափարների, առաջարկների, դիտարկումների գեներացիա, որը թույլ կտա Հայաստանի ներքաղաքական կյանքը իր կառուցվածքի բարդությամբ համարժեք դարձնել ռեգիոնալ իրադարձությունների, ռեգիոնալ զարգացումների բարդությանը:
Խոսքը ներքաղաքական կյանքի այսպես ասած բարդ իրավիճակի մասին չէ, այլ բարդ բաղադրության, որը՝ պայմանականորեն ասած, ռեգիոնալ զարգացումներով հետաքրքրված և իրարամերժ շահերով ու ռազմավարություններով կենտրոններին ու ռեգիոնի երկրներին թույլ չի տա «հեշտությամբ» վերծանել Հայաստանն ու այդպիսով լուծել առնվազն Հայաստանի հետ կապված խաղին առնչվող խնդիրներ: Հենց դրա համար է այսպիսի երկրներին պետք ներքաղաքական կառուցվածքի բովանդակային բարդություն ու բազմաշերտություն, եթե չկան խաղի մասնակից լինելու մեծ ֆինանսատնտեսական ռեսուրսներ: Հայաստանում սակայն տարիներ շարունակ արվել է ամեն ինչ ներքաղաքական ծանծաղ ստանալու, ներքաղաքական ծանծաղ ապահովելու համար, երբ չկան քաղաքական տեքստեր, և լավագույն դեպքում հնչում են երրորդ երկրների շահերը սպասարկելու անվերապահ պատրաստակամության մասին խոսեր, լինեն այդ շահերը հյուսիսում, հարավում, արևելքում, թե արևմուտքում: Հենց այդ ներքաղաքական ծանծաղն է, որ բերում է արդեն Հայաստանում և դրա շուրջ իրադրության բարդության, դրանից բխող խնդիրներով:
Հայաստանի շուրջ այդ իրադրության կառավարելիության արդյունավետության բարձրացումը ըստ էության ուղիղ կախված է լինելու այն արդյունավետությունունից, որով Հայաստանի հանրությունը կկարողանա հաղթահարել ներքաղաքական ծանծաղն ու գալ քաղաքական բովանդակության ձևավորման համաչափ ռեժիմի:







































