System of a Down ռոք խմբի աշխարհահռչակ մենակատար Սերժ Թանկյանը, ով երեկ Երևանում համերգ տվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման կապակցությամբ, իր պաշտոնական կայքէջում գրել է Հայաստան իր այցելության տպավորությունների մասին:
Սերժ Թանկյանը մասնավորապես պատմել է Լոռու մարզ իր կատարած այցելությունից՝ գրելով. «Ես ցնցված էի այստեղի փարթամ անտառներով, գետերով և գյուղական բնակավայրերով: Այս տարածքում է նաև Թեղուտի անտառը, որը կարող է ամբողջությամբ ավերվել հանքարդյունաբերության արդյունքում»: Սերժ Թանկյանն իր երկրպագուներին կոչ է արել ծանոթանալ Թեղուտի խնդիրներին և օգնել կանխել հանքարդյունաբերական աղետը:
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ ՀՀ կառավարությունն արտոնեց ACP ընկերությանը շահագործել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը` հայտարարելով, թե այն բնապահպանական ու առողջապահական վտանգներ չի ներկայացնում:
Բնապահպանների բարձրացրած աղմուկը մինչ այժմ լուրջ արդյունք չի տվել: Նրանք, ինչպես այս անգամ, 2010թ. նույնպես գրավել էին Սերժ Թանկյանի ուշադրությունը:











































