Անցյալ շաբաթավերջին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անպաշտոն հանդիպման ժամանակ ընդունած որոշումը բավական հետաքրքրական է այն իմաստով, որ այդ որոշումն իր մեջ պարունակում է բավական հեռուն տանող երանգներ:
Խնդիրն այն է, որ այդ որոշումով փաստացի ստեղծվում է նախադեպ, երբ ՀԱՊԿ-ն միջամտում է որևէ երկրի, թեկուզ իր անդամ երկրի ներքին գործերին: Այս մասին առաջին անգամ ՀԱՊԿ-ն անդամ երկրները խոսեցին Ղրղզստանում անցյալ տարի տեղի ունեցած դեպքերից հետո։ Եվ սա այն դեպքում, երբ Ղրղզստանը չէր ենթարկվել որևէ ագրեսիայի արտաքին որևէ ուժի կողմից: Այդ երկրում ազգամիջյան բախում էր ընթանում, ընդ որում` ոչ թե իշխանության և ինչ-որ ազգային փոքրամասնության, այլ ազգությամբ ղրղզ և ուզբեկ քաղաքացիների միջև, իսկ իշխանությունը, գոնե ֆորմալ առումով, փորձում է հանդարտեցնել այդ բախումն ու հաստատել կայունություն:
Այսինքն` Ղրղզստանում, ըստ էության, քաղաքացիական պատերազմ է` ազգամիջյան բաղադրիչով կամ համատեքստով: Եվ ահա այս պայմաններում ՀԱՊԿ-ն որոշում է կայացրեց Ղրղզստանի իշխանություններին անհապաղ օգնություն ցուցաբերելու մասին: Այսինքն` ՀԱՊԿ-ը փաստացի նախադեպ ստեղծեց իր անդամ երկրների ներքին խնդիրներին միջամտելու առումով:
Նկատի ունենալով, որ ՀԱՊԿ-ում թելադրողը Ռուսաստանն է, ակնհայտ է դառնում, որ Ղրղզստանի առիթից օգտվելով` ռուսները, ըստ էության, փորձում են ձեռք բերել անկայուն իրավիճակներում ՀԱՊԿ անդամների ներքին գործերին միջամտելու նախադեպի իրավունք, ինչն էլ, բնականաբար, ստանում են ՀԱՊԿ մյուս երկրների, այդ թվում Հայաստանի իշխանության կողմից: Խնդիրն այն է, որ այդ իշխանությունները Ռուսաստանին տալիս են այդ իրավունքը, քանի որ այդպիսով իշխանության դեմ ցանկացած ընդվզման պարագայում հնարավորություն է ընձեռվում դիմել ՀԱՊԿ օգնությանը: Իսկ դա արդեն ստեղծում է որակապես այլ իրավիճակ, քանի որ իշխանությունները իրենց դիրքերին սպառնացող վտանգների դեպքում ստանում են ՀԱՊԿ, այսինքն` ըստ էության օտար զորքերի միջոցով, այսպես ասած, «կրակից շագանակներ» հանելու հնարավորություն:
Այսինքն` վերանում է այն նվազագույն բարոյական արգելքն անգամ, որը կարող էր գործոն լինել իշխանությունների և սեփական երկրի քաղաքացիների միջև հնարավոր հակադրության պարագայում, երբ իրար դեմ են դուրս գալիս միևնույն ազգի ներկայացուցիչ, միևնույն քաղաքում ապրող և բազմաթիվ թելերով իրար կապված ուժայիններն ու քաղաքացիները, առավել ևս, երբ ուժայինները ներքուստ համոզված են լինում քաղաքացիների արդարացիության և իրավացիության մեջ:
Իսկ ՀԱՊԿ անդամ որևէ երկրում նման հակադրությունից որևէ իշխանություն երաշխավորված չէ, քանզի այդ բոլոր երկրներում թե՛ ընտրական մեխանիզմը չի գործում և թե՛ իշխանությունները լիարժեք չեն լուծում հասարակություններին հուզող սոցիալ-տնտեսական և քաղաքական ու քաղաքացիական հիմնախնդիրները: Իսկ Ռուսաստանն էլ այդպիսով ձեռք է բերում ՀԱՊԿ երկրներում իր համար անցանկալի քաղաքական և քաղաքացիական զարգացումների դեպքում մինչև անգամ զինված միջամտության «օրինական» իրավունք:








































