ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն այսօր հայտարարել է, թե ԿԸՀ-ն և Ընտրական օրենսգիրքն այս պահին պատրաստ չեն արտահերթ ընտրությունների:
ՀԺԿ կուսակցության անդամ, ԿԸՀ նախկին անդամ Ֆելիքս Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ազարյանի խոսքերը չեն կարող իրական պատճառ լինել արտահերթ ընտրություններ չանցկացնելու համար:
Խաչատրյանը նշեց, որ շատ հնարավոր է, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն նաև ոչ այս Ընտրական օրենսգրքով: Նա նկատեց, որ հայտնի է, թե ինչու է Ազարյանը նշում, որ պատրաստ չեն արտահերթ ընտրությունների, քանզի ԸՕ-ում կատարված փոփոխություններն ուսուցանելու կարիք կա. «Սակայն կարծում եմ, ցանկության դեպքում հնարավոր է արտահերթ ընտրություններ անցկացնել նաև այս ԸՕ-ի որոշ դրույթներ չօգտագործելով` ենթադրենք ԱԺ-ն ընդունի որոշում, որ այս ԸՕ-ի մի քանի կետեր կիրառման մեջ են մտնում ավելի ուշ»:
Ֆելիքս Խաչատրյանը նկատեց, որ Գարեգին Ազարյանը խոսում է չոր օրենքի տեսակետից, սակայն և՛ օրենքը, և՛ մարդը, և՛ պետությունը կենդանի օրգանիզմներ են, կարելի է փոփոխությունների ենթարկել և ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է բերել հավասարակշռության:











































