Այսօր առավոտյան Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով Արտաշատի Բժշկական կենտրոն տեղափոխված 17 հիվանդներից 14-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժած քաղաքացիներից միայն մեկի՝ 65-ամյա մի տղամարդու վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր, լյարդի և այլ ներքին օրգանների պատռվածք ունի։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արտաշատի ԲԿ-ի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը։
Ծայրահեղ ծանր հիվանդին վիրահատել են և ըստ անհրաժեշտության առաջիկայում կքննարկեն կամ նրա բուժումը նույն հիվանդանոցում կազմակերպելու, կամ այլ հիվանդանոց տեղափոխելու հարցը։ Բշժկի խոսքով՝ արդեն իսկ դուրս գրված քաղաքացիների մոտ թեթև և միջին ծանրության վնասվածքներ են եղել, կոտրվածքներ են եղել, բայց բուժօգնությունից հետո դուրս են գրվել։ Մեր նկարահանման պահին հետազոտվող մի քաղաքացի ասաց, որ գրեթե ոչինչ չի հիշում։ Հիշում է միայն վթարի պահն ու այն, որ պատուհանից դուրս է եղել.«Ուրիշ բան չեմ հիշում»,-ասաց տղամարդը։ Ըստ նախնական տվյալների Գետազատ – Երևան երթուղին սպասարկող «FAV» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։








































