Ցանկացած մսատեսակ՝ լինի տավարի, խոզի, թե գառան, իր մեջ պարունակում է որոշակի սննդային ու էներգետիկ արժեքներ: Սննդային արժեքի մեջ մտնում են սպիտակուցների, ածխածինների, ճարպերի քանակը. խոսելով մսամթերքի՝ մարդու օրգանիզմին «պատճառած» օգտակարության մասին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության որակի ու վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը:
«Տավարի ու խոզի միսը պարունակում են մեծ թվով տարբեր սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Խոզամիսն իր մեջ պարունակում է նաև ճարպ, որն ավելի շատ է՝ տավարի մսի համեմատությամբ: Բայց այն նյութերը, որ կան խոզի մսի մեջ, անփոխարինելի են ու հագեցնող»,- ասաց Ա. Վարժապետյանը:
Ինչ վերաբերում է ձկնատեսակների օգտակարությանը, ապա մասնագետն իր խոսքում ընդգծեց, որ ձկան մսում պարունակվում է վիտամին D, ինչն անփոխարինելի է տեսողության, այլ օրգանների կենսագործունեության համար:
«Ձկան միսը շատ հեշտ մարսվող է, այն չի ծանրանում և արագ ու հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից, ու իր մեջ պարունակվող բոլոր օգտակար նյութերն արագորեն ազդում են օրգանիզմի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ այն շատ հարուտ է միկրոէլեմենտներով:
Վարժապետյանի խոսքով՝ վերոնշյալ մսատեսակներից իր օգտակարությամբ ձուկն առաջին տեղում է, իսկ հավի միսը, օրինակ, կարող է մարդու օրգանիզմում ավելացնել խոլեստերինի քանակը, և ցանկալի չէ մշտապես օգտագործել հավի միս:








































