Քաբուլի օդանավակայանի մոտ ահաբեկչությունների իրականացման ռիսկերն աճում են ամեն օր։ «Թալիբան» շարժումը դեռևս չի տվել համաձայնություն՝ երկարացնելու Աֆղանստանից մարդկանց տարհանման ժամկետները․ վերջնաժամկետն օգոստոսի 31-ն է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Financial Times-ի հետ հարցազրույցում։
Ամենամեծ խնդիրը, որին բախվում են դաշինքի անդամները, Սթոլթենբերգն անվանել է մարդկանց տեղափոխումն օդանավակայան։
Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել հաղթահարել տարաձայնությունները, որոնք կարող է առաջ բերել Վաշինգտոնի կողմից աֆղանական օպերացիայի ավարտի թեման, և կենտրոնանալ դաշինքի առջև ի հայտ եկած սպառնալիքների վրա։
«Մենք բախվում ենք ուժերի գլոբալ հավասարակշռության փոփոխման՝ ի դեմս ավելի ագրեսիվ Ռուսաստանի և Չինաստանի վերելքի։ Եվ քանի դեռ Հյուսիսային Ամերիկան ու Եվրոպան միասին են, կկարողանանք հաղթահարել այդ խնդիրները։ Դա կարևոր է Եվրոպայի համար, սակայն կարևոր է նաև ԱՄՆ-ի համար»,-հաստատել է դաշինքի ղեկավարը։











































