Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Փաշինյանի և խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հարցուպատասխանի գործընթացը վկայեց, որ հայաստանյան խորհրդարանական տիրույթում գոյություն չունի արցախյան հարցի հոդաբաշխ, քաղաքական հեռանկար, առնվազն հրապարակային մակարդակում հնչեցնելու աստիճան: Դրա մասին էր վկայում այն, որ հանրությունը ընդամենն ականատես եղավ վարչապետ Փաշինյանին արդեն հետպատերազմյան տասը ամիսների ընթացքում գուցե տասը հազարերորդ անգամ հնչեցվող նույն հարցադրումների, գնահատականների և պիտակների հնչեցման, և դրանց ի պատասխան կրկնվող հայտարարությունների:
Գործնականում ոչ մի ավելի բան, ընդդիմադիր հարցադրումների համատեքստում իշխանության դիրքորոշումներին և գնահատականների հանդեպ մրցակցային ներուժ պարունակող ոչ մի բովանդակություն, որ խորհրդարանական հարթակից կհնչեցներ խորհրդարանական ընդդիմությունն ու այդով թե քաղաքական մեծամասնությանը կստիպեր հանդես գալ համարժեք քաղաքական բովանդակությամբ կամ պարզապես ի ցույց դնել դրա բացակայությունը, և թե Հայաստանի ու միջազգային հանրության համար պարզորոշ ցույց կտար, որ երկրում կա արցախյան հարցի վերաբերյալ քաղաքական խորքային պատկերացում, որն արտահայտված է միակ ներկայացուցչական կառույցում, ու եթե այսօր ընդդիմադիր փոքրամասնության կարգավիճակում, ապա վաղը կարող է ունենալ կառավարող մեծամասնություն լինելու շանս: Այդ ամենի փոխարեն, Հայաստանի խորհրդարանում հերթական անգամ, խտացված կերպով դրսևորվեց Հայաստանի հետպատերազմյան շրջափուլի քաղաքական դատարկությունը, որ լցվում է աղմուկով, փոխադարձ պիտակավորումներով, ուժի և հանդգնության փոխադարձ ցուցադրումներով, ցավոք սրտի ի ցույց դնելով Հայաստանի քաղաքական անկենսունակությունն ու անմրցունակությունը:
Մեծ հաշվով, հետպատերազմյան շրջափուլում, ռեգիոնալ ներկայիս իրողությունների և մարտահրավերների, ծավալվող աշխարհաքաղաքական խմորումների և դինամիկ վերադասավորումների գործընթացոււմ Հայաստանի բուն խնդիրը ոչ թե ռազմական առումով պարտված լինելն ու դրա ծանր հոգեբանական հետևանքն է, այլ շարունակվող քաղաքական բովանդակազրկությունը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնում: Ընդ որում, մեծ հաշվով, խորհրդարանների քաղաքական բովանդակազրկությունը Հայաստանի ոչ թե հետպատերազմական, այլ եզակի բացառություններով՝ հետխորհրդային մեծագույն և վտանգավոր բացն է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Լուսանկարը՝ «Հետք»-ի








































