Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Ռուսաստանն ավելացրել են Թուրքիային տրամադրվող իրենց գազի ծավալը։ Դրա պատճառն այն է, որ օգոստոսի 11-ի ուշ երեկոյան Թուրքիայում՝ Իրանին սահմանակից Աղրը (Արարատ) նահանգում, պայթեցվել էր Իրանից եկող գազատարը։
Նշվում է, որ գազատարի վերականգնումը կպահանջի մեկ շաբաթ, ինչից հետո կվերսկսվեն դրանով իրանական գազի մատակարարումները Թուրքիային։
Արդեն հաստատվել է, որ Թուրքիան ու Իրանը միմյանց կապող գազատարի պայթեցումն իրականացրել են քուրդ զինյալները, որոնք, ինչպես այս տարի, այնպես էլ նախկինում, բազմիցս աչքի են ընկել նմանատիպ գործողություններով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը Թուրքիայի գլխավոր գազամատակարար երկրներն են։ Ռուսաստանը Թուրքիային գազ է մատակարարում «Արևմտյան» և «Եկնագույն հոսք» գազամուղներով, Իրանը՝ «Թավրիզ-Էրզրում» գազատարով, իսկ Ադրբեջանը՝ «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարով։











































