«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը
-Պարոն Ղուկասյան, Ալիևը նորից հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով՝ նշելով, որ իրենք վերադառնալու են Զանգեզուր ու Սևան, և որ դա երկրորդ փուլն է լինելու: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները և այդ ֆոնին ԱՄՆ դեսպանի Նախիջևան այցը:
-Լարվածություն կա տարածաշրջանում և հասկանալի է, որ Ալիևի ռեժիմն իսկապես ունի ագրեսիվ պլաններ Հայաստանի նկատմամբ, որը բացահայտ կերպով ներկայացնում է իր պլանները՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել հայ հասարակության վրա, միջազգային հանրության վրա: Հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը որոշել է բանակ չունենալ և 44-օրյա պատերազմում պարտությունից հետո որևէ մտադրություն չունի իր անվտանգությունը վերականգնելու, իհարկե, ամեն հանցավոր ռեժիմ կարող է իրավիճակից օգտվելով սպառնալ մեզ նման եղանակով: Պատերազմից անցել է գրեթե մեկ տարի և ցավոք սրտի, ոչ մի բան չի արվել մեր անվտանգությունը վերականգնելու, մեր բանակը վերականգնելու ուղղությամբ: Ոչ իշխանությունները, ոչ հանրային մյուս միավորները մտահոգված չեն այդ հարցով: Մեծամասնության համար կարծես աննախադեպ խաղաղության դարաշրջան է սկսել, և կարելի է վստահել հարևաններին նույնիսկ այն ժամանակ, երբ պարզ ասում են, որ ոչնչացնելու ենք ձեզ:
-Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործում: ԵՄ-ից և այլ կառույցներից այդօրինակ հայտարարություններ մեկ անգամ չէ, որ հնչում են: Ի՞նչ է նշանակում այդ աջակցությունը, որ խոստանում են, և ինչպե՞ս դա պետք է արվի:
-Շատ լավն էր Բայդենի խոսքը Աֆղանստանի վերաբերյալ: Եթե մի ժողովուրդ ինքը ցանկություն չունի իրեն պաշտպանելու, ոչ մի միջազգային աջակցություն չի կարող հաջողության հասնել: Քանի որ այսօր մեր ժողովուրդը ցանկություն չունի իրեն պաշտպանել: Իհարկե, շատ կարևոր է միջազգային հանրության տարբեր հատվածների պատրաստակամությունը մեզ աջակցելու, բայց եթե մեր ժողովրդի մեջ նման կամք չկա, այդ ամենն ապարդյուն է:
-Այսինքն՝ նախ մենք պետք է ձևակերպենք, թե ինչ ենք ուզում և կամք դրսևորենք այդ հարցում, նոր սպասենք աջակցություն դրսի՞ց:
-Մեր հանրությունն անտարբեր է մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցերում: մարդիկ, կարծես, դրանով հետաքրքրված չեն, քեֆ են անում, հանգստանում են, իրենց գործերով են զբաղված, կարծես Հայաստանին ոչ մի բան չի սպառնում: Եվրոպացիները պետք է մեր փոխարեն մեր մասին անհանգստանա՞ն: Երկրում տիրում է ոչ ադեկվատ իրավիճակ, ինչը գալիս է իշխող ուժից: Իշխող ուժն է աննախադեպ խաղաղության մասին մեսիջները տվել: Մարդիկ ապրում են ինչպես Եվրոպայի կենտրոնում և ոչ մեկը հարց չի տալիս՝ պատերազմից մեկ տարի է անցել, ի՞նչ եք արել երկրի անվտանգությունը վերականգնելու համար:
-Ամեն դեպքում, ԵՄ-ն չպե՞տք է այդ աջակցության բովանդակությունը ներկայացնի:
-Չեմ կարծում: Եթե մի ժողովուրդ ցանկություն չունի իրեն պաշտպանելու, ո՞վ է դա անելու: Աֆղանստանը դասական օրինակ է: Կարելի է մեկ տրիլիոն դոլար ծախսել, բայց այն ժողովուրդը, որն ի վիճակի չէ իրեն պաշտպանելու, այդպես էլ մնալու է անպաշտպան: Մի փոքր խումբ կգա ու կզավթի երկիրը, ինչպես եղավ Աֆղանստանում: Շատերը հասկանում են, որ դա ուղիղ մեր մասին է:
-Հասարակությունը, թե՞ իշխանությունները նախևառաջ պետք է քայլեր անեին երկրի ու հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ:
-Իշխանությունները հռչակեցին, որ պետք չի պաշտպանվել, հասարակությունն էլ գնաց, քվեարկեց ու վերարտադրության հնարավորություն տվեց պարտություն կրած իշխանություններին, որ շարունակի կառավարել ըստ այն սկզբունքի, որ Հայաստանին այլևս բանակ պետք չէ, անվտանգության խնդիր չկա, և աննախադեպ խաղաղության դարաշրջան է բացվում:
-Իսկ որտեղի՞ց մեր իշխանություններին այդ հանգստությունը, երբ Ալիևն անընդհատ ագրեսիվ հայտարարություններ է անում:
-Իրենք համոզված են, որ իրենք բոլորից շուտ կհասցնեն հասնել օդանավակայան և փախչել: Մնացած ժողովուրդն է խնդիր ունենալու ինքնաթիռներից բռնվելու: Երկրի ղեկավարներն ապահով առաջին օդանավով հեռանում են որպես կանոն: Աֆղանստանը պարզ ցույց տվեց, թե ինչպես է դա լինում: Սկզբից ասում են՝ խնդիր չկա, իրավիճակը վերահսկում ենք, ամեն ինչ լավ է, հետո նստում են ինքնաթիռ ու թռչում են:









































