Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է որքան կարող է օգնել Քաբուլում կառավարությանը։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Բրյուսելում՝ Աֆղանստանի իրադրության վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով:
«Մեր նպատակը մնում է աֆղանական կառավարության և անվտանգության ուժերի աջակցությունն այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի», – հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
Հյուսիսատլանտյան դաշինքը նախազգուշացրել է «Թալիբան» արմատական շարժմանը, որ միջազգային հանրությունը չի ճանաչի նրանց, եթե նրանք ուժով զավթեն իշխանությունն Աֆղանստանում:
Ստոլտենբերգը նաեւ խոստացել է, որ ՆԱՏՕ-ն կօգնի Քաբուլին։ Բացի այդ, նա նշել է, որ դաշինքն Աֆղանստանում կպահպանի դիվանագիտական ներկայությունը, սակայն այն հարմարեցնելու է իրավիճակին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպությունը կշարունակի մշտական շփումներ պահպանել աֆղանական իշխանությունների և միջազգային հանրության հետ:
ՆԱՏՕ-ի պետությունների մեծ մասը, ներառյալ ԱՄՆ-ը, արդեն սկսել են իրենց քաղաքացիների տարհանումը՝ Քաբուլի մոտ թալիբների ջոկատների արագ առաջխաղացման կապակցությամբ։









































