Sputnik V պատվաստանյութը լավագույն արդյունքներն է ցույց տալիս կորոնավիրուսի «Դելտա» շտամի կանխարգելման գործում: «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն:
«Վերջին արդյունքները ցույց են տալիս, որ արդյունավետությունը մոտ 83 տոկոս է, սրանք արդեն ռուսական տվյալներն են»,- ասել է Մուրաշկոն լրագրողներին:
Բացի դրանից՝ Sputnik V պատվաստանյութը ավելի քան 95 տոկոսով պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից: Ըստ ՌԴ առողջապահության նախարարի՝ այն մնում է արդյունավետ և շարունակում է գործել:
ՌԴ առողջապահության նախարարությունը Sputnik V պատվաստանյութը գրանցել է մեկ տարի առաջ: Գործակալության փոխանցմամբ՝ պատվաստանյութը հիմնված է մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված և ստուգված հարթակի վրա, որի կարևոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը: Սխեման ներառում է դեղամիջոցի երկու բաղադրիչի ներարկում երեք շաբաթ ընդմիջումով. անձը պաշտպանված է համարվում երկրորդ բաղադրիչի ներարկումից 21 օր հետո:
Ըստ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի՝ հուլիսի վերջի դրությամբ Sputnik V պատվաստանյութով լիովին պատվաստվել էր մոտ 20 միլիոն ռուսաստանցի:
Պատվաստանյութն արդեն գրանցվել է գրեթե 70 երկրում, որտեղ ապրում է մոտ չորս միլիարդ մարդ: Բացի դրանից՝ մարտ ամսից Դեղամիջոցների հարցերով եվրոպական գործակալությունում այն անցնում է աստիճանական փորձաքննության ընթացակարգը:









































