Օրերս հնչեցված ադրբեջանա-իրանական փոխադարձ սպառնալիքների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԵՊՀ գիտակազմակերպական բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալիկ Ղարիբյանը: Նա նշեց, որ այս հակամարտությունը ցույց է տալիս, որ Իրանը շարունակելու է իսլամական գործոնն օգտագործել Ադրբեջանի և ադրբեջանական քաղաքական համակարգի վրա ճնշում գործադրելու համար: Սակայն, ըստ պատմաբանի, փոփոխություններ և զարգացումներ կլինեն նաև Արևմուտքի քաղաքականության մեջ, քանզի վերջինս էլ իր հերթին կփորձի ավելի շատ ճնշում գործադնել Իրանի վրա:
Ղարիբյանի խոսքերով՝ այդ փոփոխություններից անմասն չի մնալու նաև Հայաստանը, և այդ ամենը ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա, մասնավորապես՝ կապված ԼՂ հարցի հետ:
Ղարիբյանը համոզված է, որ ԼՂ հարցում Իրանի դիրքորոշումը հօգուտ Հայաստանի է. «Եկեք չմոռանանք, որ այդպես է եղել նաև պատերազմի ժամանակ: Այդ դերակատարությունը շարունակական է լինելու»:
Ալիկ Ղարիբյանն ընդգծեց, որ Իրանի դիրքորոշումը ազատագրված տարածքների նկատմամբ չի փոխվի, քանզի դա վերջինիս անվտանգության հարցն է:








































