Հայտնի է դարձել, որ հուլիսի 2-ին Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է «Վերականգնում, ճկունություն և բարեփոխում. Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020-ից հետո» աշխատանքային փաստաթուղթը` ներկայացնելով այն նախաձեռնությունները, որոնք ԵՄ մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում: Այդ աշխատանքային մտադրությունների շարքում բավականին տպավորիչ և կարևոր թե ցուցանիշներ, թե ուղղություններ կան Հայաստանի համար, որն Արևելյան գործընկերության ծրագրի անդամ վեց երկրներից մեկն է:
Եվրոպական հանձնաժողովի աշխատանքային փաստաթուղթը ենթադրում է Հայաստանին մինչև 2025 թվականը հատկացնել ավելի քան 1,5 միլարդ եվրոյի ֆինանսական աջակցություն տարբեր ուղղությունների համար, փոքր ու միջին բիզնեսի, ենթակառուցվածքային արդիականացման ռեֆորմների: 1,5 միլիարդ եվրոն Հայաստանի տնտեսության համար բավականին շոշափելի ծավալ է, ընդ որում այնպիսի, որ դրա թողած տնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտը կարող է ունենալ ընդհուպ ռազմա-քաղաքական բնույթի նշանակություն: Այդ իմաստով, անկասկած է, որ Հայաստանի կառավարության խնդիրը պետք է լինի առաջիկա ամիսներին ինտենսիվ աշխատանքի շնորհիվ հասնել Եվրահանձնաժողովի՝ առնվազն Հայաստանի առումով մտադրությունների գործնականացմանն ու հաստատմանը: Եվրահանձնաժողովը այդ մտադրությունները ներկայացնելու է Եվրամիության ու Արևելյան գործընկերության երկրների 2021 թվականի դեկտեմբերին կայանալիք Վեհաժողովի սեղանին: Հույժ կարևոր է այն, որ ԵՄ օժանդակությունը նախատեսում է խոշոր ծրագրեր հատուկ Սյունիքի ուղղությամբ, ներառյալ մոտ 600 միլիոն եվրոյի մասնակցություն Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան-Մեղրի հատվածի շինարարությանը, միջոցներ նաև Սյունիքի տնտեսական կարողությունների արդիականացման համար: Թե ինչ կարևոր ռազմավարական նշանակություն ունի այդպիսի ներդրումը Սյունիքում, թերևս ավելորդ է մեկնաբանել:
Եվրահանձնաժողովը փաստորեն դիտարկում է Արևելյան գործընկերության ծրագրին նոր շունչ տալու հնարավորությունը: Ծրագիրը ինչպես հայտնի է ներառում է հետխորհրդային վեց երկրների՝ Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, որոնք Ասոցացման համաձայնագիր են ստորագրել ԵՄ հետ, Հայաստան, որն ունի համապարփակ գործընկերության համաձայնագիրը, և Ադրբեջան ու Բելառուս, որոնք Եվրամիության հետ ունեն զանազան խնդիրներ: Բելառուսը ընդհանրապես հայտարարեց ծրագրին անդամությունը դադարեցնելու մասին, այն բանից հետո, երբ Եվրամիությունը կոշտ պատժամիջոցներ կիրառեց Ռայնէյրի օդանավը քաղաքական նպատակներով Մինսկում իջեցնելու և քաղաքական ընդդիմախոսի ձերբակալելու Լուկաշենկոյի քայլից հետո: Միաժամանակ, ԵՄ դեռ Բելառուսի նախագահի ընտրությանը հաջորդած զարգացումների ֆոնին հայտարարեց, որ սառեցնում է Մինսկի համար նախատեսված մոտ 3 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթը, մինչև Բելառուսում ժողովրդավարական զարգացումներ:
Բարդ է պատկերացնել, որ Բելառուսում տեսանելի ապագայում հնարավոր են այդ զարգացումները: Այդ իմաստով, շատ կարևոր է ընդհանրապես, որպեսզի Եվրամիությունը չնայած Արևելյան գործընկերության ծրագրի ընդհանուր շրջանակի պահպանության ձգտմանը, չձգտի ծրագրի անդամների հետ կառուցվող հարաբերություններում ապահովել թեկուզ մասնակի հավասարակշռվածություն և համաչափություն: Դա արդյունավետ չէ, ըստ այդմ Հայաստանն օրինակ չի կարող չափվել Ադրբեջանի հետ, մի շարք պատճառներով: Դա չէր կարող լինել անգամ պատերազմից առաջ, և անգամ Հայաստանում նախորդ կառավարման համակարգի պայմաններում, չի կարող չափվել առավել ևս այժմ՝ պատերազմից հետո առկա ռեգիոնալ նոր ռազմա-քաղաքական իրողություններում:
Անկասկած է, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանը ձգտելու են խոչընդոտել և թույլ չտալ, որպեսզի իրականություն դառնա ծրագիրը, որով Բաքվի համար նախատեսված է օրինակ 40 միլիոնի աջակցություն, իսկ Հայաստանի համար՝ 1,6 միլիարդի: Անկասկած է նաև, որ այդ ծրագրին մեղմ ասած խանդով է վերաբերելու Ռուսաստանը, թեև գուցե կարող ենք դիտարկել Սյունիքում ռազմական ներկայությամբ այդ խանդը մեղմելու, ըստ այդմ Ռուսաստանի ապակառուցողական դիրքավորումը կանխելու հնարավորություն: Դա շատ կարևոր է ԵՄ հետ աշխատանքի արդյունավետության և ծրագրի իրագործման համար: Անկասկած է նաև, որ այստեղ ահռելի դեր և նշանակություն է ունենալու Ֆրանսիան, Եվրամիության աշխատանքային մտադրությունը Հայաստանի համար գործնական իրողության աստիճան հասցնելու գործում: Միաժամանակ, պետք է այդ հարցում Հայաստանի կառավարությունը կարողանա իրացնել դիվանագիտական-քաղաքական ամբողջ ներուժը, ներառելով դրանում նաև Սփյուռքի շրջանակը:








































