Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ բոլոր առումներով։ Այս մասին ուրբաթ խորհրդարանում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության կատարած աշխատանքի տարեկան զեկույցը:
Նրա խոսքով ՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցող վրացի զինծառայողները ցույց են տվել իրենց պրոֆեսիոնալիզմն ամբողջ աշխարհին:
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին ՝ վարչապետը նշել է, որ Վրաստանի համար չափազանց կարևոր է խաղաղության և կայունության պահպանումը:
«Մենք շարունակում ենք հավասարակշռված և փոխշահավետ քաղաքականությունը: Այս քաղաքականության շատ կարևոր բաղադրիչն էր իմ վերջին միջնորդությունը Միացյալ Նահանգների աջակցությամբ` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու հարցում», – ասել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ վրացական կողմը պատրաստ է շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության: